Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ուշ մնացինք Մեղու. խոսքդ վերջացուր։

Խոսքերնիս իմ խնդալուս վրա էր։

Առջի օրը Ղալաթիո եկհղեցիեն ելնելով քովի փողոցը դառնալեն և քիչ մը քալելեն ետքը գլուխս վեր վերցուցի. Փանոսյան վարժարանի փողոցին մեջ էի։

Սատանան գործ չունի յա, քիչ մալ առաջ քալելեն ետքը դեմս մարդ մելավ և հարցուց.

— Փանոսյան վարժարանը որ կողմեն կերթցվի։

— Փանոսյան վարժարան երթալու համար ամենեն կարճ ճամբան ասկեց ձի մը կը հեծնաս, շիտակ Պեյ օղլու կելլաս, Տեորթ յոլ աղըզի Ապտուլլահ եղբարց ֆոթոկրաֆը կա, անկեց շիտակ վար կիջնաս, աջդ կը դառնաս, ձախդ կը դառնաս, մեծկակ տուն մը կուգա դիմացդ, անկե քիչ մալ վար կուգաս, անկե վերջը․․․ տես Մանզումե թիվ․․․

— Ինձի ըսին, որ այս կողմերն է եղեր։

— Այո՛, այս կողմերն է, բայց Ապտուլլահներու ֆոթոկրաֆին առջևի փողոցեն գալու ըլլաս նե դյուրավ կը գտնաս։

— Դուն չիյտե՞ս ուր ըլլալը։

— Գիտեմ, ամա, ինձի Ապտուլլահ եղբարց ֆոթոկրաֆի առջևի փողոցեն սորվեցուցած ըլլալնուն՝ հոն ըլլալու եմ, որ քեզի ալ ճամբան սորվեցնեմ, կհուզես նե՝ երկու ձի բռնե, մեկտեղ Տեորթ յոլ աղը զի երթանք, անկեց ճամբան ցցունեմ քեզի։

Մարդը՝ Մանզումեին ալ Աստված պելան տա, քուկին ալ, ըսելով առավ քալեց։

Ես բան մը չըսի, ըսածս արդեն վերը ըսի։

Վերջապես խնդալը կը սիրեմ։


Փափաղյան էֆենտին ասդին անդին կըսե եղեր, թե ինձի համար ասկե վերջը ի՞նչ ուզեն նե թո՛ղ գրեն, փույթս չէ, ես ապագաս շինեցի։

— Այո՛, անցյալդ ավրելով։


Դատապարտյալ մը առջի օրը կըսեր ինձ, թե եթե զույգ մը ոտքի աման տայի իմ դատավորիս, դատը կը վաստկեի։