Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա ոտք մը, որ կաշառ կուտե, ահա ոտք մը, որ իրեն կոշիկ տվողին իրավունք կուտա։

Սթափեցե՛ք, ազգայինը։


Զրույց կը պտըտի, որ Խասգյուղի շոգենավները կամաց քալելնուն համարը ընկերությունը հիսունի չափ արագընթաց շոգենավ բերել պիտի տա եղեր։

Այս շոգենավները կարգավ պիտի շարե եղեր, այնպես որ անոնց մեկ ծայրը Խալըճը օղլու իսկելեն՝ մյուս ծայրն ալ կամուրջը պիտի հասնի եղեր։

Խասգյուղ երթալ ուզողները կամուրջեն շոգենավ պիտի մտնեն և քալելով՝ մյուս ծայրեն Խասգյուղ պիտի ելնեն։


— Ընթերցո՛ղ, քեզի բան մը ըսե՞մ, լեռներն ալ սկյան հառաջադիմել։

— Պարապ խոսքեր մըներ, Մեղու:

— Ներե՛, ընթերցո՛ղ, ժամանակավ լեռ մը երկունք քաշեր նե՝ ի՞նչ կը ծնաներ։

— Մուկ։

— Է՜յ, հիմակվան լեռնե՞րը։

— Հասկցա, կարճ կապե՛։


Անցյալ շաբթու ազգային լրագիրներեն մեկը հրատարակած էր, որ կնկան մեկը տղա մը ծնած է, և այս տղան աչք չունի եղեր։

Ճիշտ մեր Կրոնական ժողովին պես։

Բայց այս տղան քանի մը ժամ ապրելեն ետքը մեռած է եղեր։

Կրոնական ժողովը դեռ կապրի։


Երեկ Ողիմպոս լեռան վրա հետևյալ պաշտոնաբաշխությունքը տեղի ունեցան։

Արամազդական հրամանավ.

Որփեոսի քնարը Միսաքյան էֆենտիի հանձնվեցավ։