Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միդաս թագավորը վախճանած ըլլալով՝ անոր հաջորղեց յուր աղան՝ Փանոսյան էֆենտին։


Ասիան կըսե, թե Մեղուի սենյակը յախըյի թուղթ կը ծախվի եղեր։

Այո՛, Ասիային վերքերը բուժելու համար։


Միսաքյան էֆենտի կըսե՝ թե Մասիս յուր թերթը կանանց բաղնիք ըրավ։

Այո՛, Միսաքյանը լվալու համար։


Ով որ կարգվելու նպատակավ աղջիկ մը տեսնել կ՝ուզե, պետք է որ աղջիկը տունը տեսնե և ոչ թե փողոցը։

Որովհետև,
Աղջիկ մը՝ տան մեջ նիհար՝ իսկ փողոցը գեր է.
Տան մեջ ամբարտավան՝ փողոցը հեղ ու խոնարհ է.
Տան մեջ թուխ՝ փողոցը ճերմակ է.
Տան մեջ տարիքն առած՝ փողոցը մատղաշ է.
Տան մեջ աղքատ՝ փողոցը հարուստ է.
Տան մեջ սատանա՝ փողոցը հրեշտակ է․
Տան մեջ ծույլ՝ փողոցը ժիր է.
Տան մեջ թեթև՝ փողոցը ծանր է.
Տան մեջ վանողական՝ փողոցը քաշողական է.
Տան մեջ (մոտեն) տգեղ փողոցը (հեռվանց) գեղեցիկ է։

Անոնք կրնան միայն փողոցին մեջ աղջկան մը հավնիլ և հետը ամուսնանալ՝ որոնք որ իրենց կնիկը միշտ հեռուեն տեսնել կուզեն.

Մի՛ բարկանաք, օրիորդք, ձեզի այսպես հարվածելուս համար։

Եթե ձեր ընթացքը այսպես շարունակեք պիտի սկսիմ ակնարկություններ ալ ընել։

Պուալո, երգիծաբանի մը համար կըսե, թե ոչ թե միայն ծաղրած անձին անունը կուտար, այլ արվեստը, տեղն ու թաղն ալ կսեր, որ չըլլա թե սխալմամբ ուրիշ մը հասկցվի։

Եթե չեք ուզեր, որ ակնարկությամբ խոսիմ, վերջ տվեք ձեր պճնասիրության։