Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը տուգանք կուտա գրաշարին և հետը կը հաշտվի, որով գրաշարն ալ մեկ մեճիտիե թեսլիմ կը գրե։

Հիմա գրաշարը յուր ամբողջ առնելիքը առնելու համար դեռ քառասունը ինը անգամ ծեծ ուտելու հարկին մեջ կը գտնվի։


Քո՜լե՜րա՜՜՜։

Ա՜ռ քեզի զբոսանք մալ...

Ա՜ռ ինձի ծաղու նյութ մալ...

Խոլերան դեռ հոս չեկած ան ու աս սկսեր են քոլերայի դեղ առնել։ Կը հավաստեն, թե հարուստին մեկը քոլերային անունը լսելով՝ այնչափ վախցեր է, որ քանի մը շաբաթե ի վեր շարունակ բիլավ ուտելով սաստիկ որովայնապնդություն մը ունեցեր է և տաս օրե ի վեր դուրս ելած չունի եղեր։

Է՜հ, բարեկամը, զգո՜ւյշ կենանք, որովայնալուծութենե փախած ատեննիս որովայնապնդութենե չճաթինք։

Ամենքնիս ալ աշխատինք, որ սա քոլերան Պոլիս չգա։

Ասկե քանի մը տարի առաջ բժշկական ակումբը Քասըմ փաշան քորտելայով շրջապատեր էր, որ քոլերան քորտելայեն դուրս չելնե. արդ, եթե քոլերան քորտելայեն դուրս չկրնար ելնել, ըսել ըլլա, որ քորտելայեն ներս ալ չկրնար մտնել։ Որովհետև գոց մը ինչպես որ ներս չմտնվիր, անանկ ալ դուրս չելնվիր։

Ուստի, մենք կառաջարկենք բժշկական պատկառելի ակումբին, որ բարեհաճի մայրաքաղաքիս չորս կողմը քորտելա քաշել, որպեսզի քոլերան ներս չմտնե, կամ մտած է նե՝ դուրս չելնե։


Առջի օրը երիտասարդին մեկը սրճարանի մը մեջ նստած՝ զմելիով մը հինցած պոթինին վրա կլոր ծակ մը կը բանար։

Քովը եղող բարեկամը, որ առաջին կարգի ապուշ մէր, պատճառը հարցունելով երիտասարդը պատասխանեց, թե պոթինը արդեն պատռած ըլլալով այդ պատռած տեղը կլոր ձևի կը վերածեր, որպեսզի տեսնողները ըսեն, թե ոտքը նասըր ունենալուն համար ծակեր է պոթինը։

Ապուշը այս լսելուն պես շիտակ տուն կերթա, մկրատ մը կառնե, և կսկսի խոշոր և կլորաձև ծակեր բանալ բալթոյին պատռած