Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՆԱՐԱՎԱՆ

ԹԱՐԳՄԱՆԵՑ Ի ՏԱՃԿԵՐԵՆԵ

ԽԱՉԱՏՈՒՐ ԷՖԵՆՏԻ ՄԻՍԱՔՅԱՆ

Թարգմանիչին ունեցած համբավը՝ թարգմանյալին օդասուն և ծովահայաց դիրքը ամենուն քաջածանոթ ըլլալով չենք ուզեր երկար գովեստներ կարդալ սույն թարգմանության գլխուն վրա։

Թարգմանիչը այնչափ հավատարիմ մնացած է բնագրին, որ իր թարգմանութենեն ո՛չ թե բառ մը, այլ տառ մը չես կրնար հանել, տառ մը հանելուդ պես բառը կը քայքայի։

Թո՛ղ Մամուրյան և Չիլինկիրյան էֆենտիները ստվար հատորներ թարգմանեն, ահա ասանկ Միսաքյան էֆենտի մը կելնե և մեկ բառով, մեկ շունչով ամբողջ թաղ մը կը թարգմանե։

Մեր թարգմանությանը գալով կրնանք ըսել, որ Միսաքյան էֆենտիի ըրած թարգմանության եղբայրն է, այն է Քարևավան, որ Սելամիեի բուն թարգմանությունն է։

Կեցցե՛ Միսաքյան էֆենտի, կեցցե՜ բառաստեղծն հայոց։

Ասկե մեկ երկու տարի առաջ՝ Փունջ ձյունասառն թարգմանած էր քարբուղը։ Որո՞ւ մտքեն կանցներ, որ Փունջ երկու տարիե ետքը իր եղբայրը պիտի գտնե։

Շուտ ըրե՛, Փունջ, մեծ եղբորդ ձեռքը պագ։


Անցյալ շաբաթ օր էտիրնե երթալու համար ճամբա ելնող շոգեկառքը ճամբուն գծեն դուրս է ելեր և ավազի վրա կայներ է։

Մեր Քաղաքական ժողովն ալ գծեն դուրս ելեր էք բայց առանց վհատելու դարձյալ կը քալե. ինչե՞ն է, որ այս շոգեկառքը կեցեր է։

— Որովհետև շոգեկառքը գծին վրայեն քալելու համար շինված է։

— Անանկ է նե Քաղաքական ժողովն ալ գծեն դուրս քալելու համար շինված է։


Օդույն մեջ է՜շ մը..․

Գեղե մը կը գրեն մեզ, թե մարդուն մեկը իր իշուն ցորեն բեռդունելով ել տեիրմենը կը տանի աղալու համար։ Մարդը ցորենը