Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լրագրի մը մեջ հետևյալը կարդացի.

«Իտալիո թագավորը Պերլին հասնելով՝ ի պատիվ նորին վեհափառության հացկերույթ մը տրվեցավ։ Հացկերույթին մեջ Գերմանիս կայսրը բաժակ մը առաջարկեց ըսելով.

«Վասն կենդանության իմ եղբորս և բարեկամիս Իտալիո թագավորին», որուն Վիքթոր էմմանուել պատասխանեց բաժակ մը առաջարկելով. «Վասն կենդանության իմ բարեկամիս և հին դաշնակցիս կայսեր»։

Ուրի՞շ...

Ուրիշ բան մը չկա, ընթերցո՛ղ, այս տողերեն կը հասկցվի, որ Իտալիո թագավորը բաժակ մը գինի խմելու համար գացեր է Պերլին։


Օրթադեղի Սրբոց Թարգմանչաց վարժարանը անթարգմանելի վիճակի մը մեջ կը գտնվի։

Խեղճ գեղացին աղքատ ըլլալով չկենար կոր յուր դպրոցին ծախսին դիմանալ։

Զրույց մը կը պտըտի, թե նույն վարժարանը նախակրթարանի վիճակին վերածելով չափահաս տղաքները հռովմեական ազգայնոց դպրոցը ղրկվին, ինչպես որ հռովմեական աղջիկները հայոց վարժարանը կը ղրկվին։

Արդեն այս զրույցը պտըտի չպտըտի, հայ տղայոց մեծագույն մասը հռովմեական հայոց վարժարանին մեջ կր պարտին, և շատ հավանական է, որ քիչ օրեն դպրոցը բոլորովին գոցվի եթե Օրթագեղի հայք իրենց այս անտարբեր ընթացքը շարունակեն։


Կըսվի, թե Քաղաքական ժողովը յուր հրաժարականին պատճառները հայտնող տեղեկագիրն Օրագրո խմբագրին հայտնելեն, ետքր հարցուցեր է․

— Օգսեն էֆենտի, ինչպես կը գտնեք այս տեղեկագիրը։