Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առջի օրը հիվանդ կնկան մեկը մատին վրա պզտիկ վերք մը ունենալով՝ բժշկի մը կերթա։

Բժիշկը կըսե, թե այդ վերքին ուսկիը ծագած ըլլալը լավ մը հասկնալու համար պետք է որ կուրծքդ մտիկ ընեմ։

Աս ըսելով, բժիշկը դուռը գոցելու կերթա։

— Ի՞նչ կընեք կոր, տոքթոր։

— Խնդրույն բնությունը դռնփակ նիստ կը պահանջե, տիկի՛ն։


— Մեղո՛ւ, Օրագիրը ամչցնելո՞ւ համար է, որ անոր սուտերը և հակասությունները կը հրատարակես։

— Ոչ թե Օրագիրը ամլցնելու համար կը հրատարակեմ, այլ ես ամչնալուս համար։


Քանի մը ժամանակե ի վեր ազգային երևելի գրագետներեն ոմանք Միսաքյան էֆենտիին «մարդամեքենա» բառը շատ կը հիշեն։

Այո՛, երբ գրագետ մը հիշվելու արժանի խոսք մը չընե անոր բառերը կը հիշվին։


Պիտի ըսենք, թե Ղալաթիացիք առջի օրը Ղալաթիո խորհրդարանը գոցեր՝ բանալին առեր են։

Ստեփան էֆենտի Փափազյանին խանութը գոցվեցավ ըսել է։


«Արտոնություն տրված է մեզ, կ՝ըսե Լեվընթ Հերըլատ լրագիրը, բացարձակ կերպով հերքելու այն լուրը՝ զորս մի քանի հայ լրագիրք հրատարակեցին, թե Րոպերթյան վարժարանի կանոնաց մեջ կրոնական կրթության նկատմամբ փոփոխություն մը եղած է»։

Մեզի ալ արտոնություն տրված է բացարձակ կերպով Լեվընթ Հերըլտին ըսելու, թե ի վաղուստ անտի Րոպերթյան վարժարանին կանոնադրին մեկ հոդվածը կը տրամադրե եղեր, որ աշակերտը ժողովարան երթալու և քարոզ մտիկ ընելու պարտավոր են։

Հայ լրագիրը կ՝ըսեն.

«Րոպերթյան վարժարանը հայ տղաքները կը մեռցունե կոր»։