Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանակի համար, համարձակություն կստանձնեմ ձեր մեծապատվութենեն շնորհք մը խնդրելու...

— Կաղաչեմ շուտ ըսեք, ինչ որ պիտի ըսեք։

— Նվաստս երկար ատենե հետե ազգային վարժարա...

Վարժապետ ըլլալը շուտ մը կը հասկնաս։

— Վարժարանաց մեջ անձնվիրաբար ծառայելով ազգին, մեծ արդյունք առաջ բերած եմ։

— Աստված վարձահատույց ընե. հիմա ի՞նչ կուզեք։

— Կը փափագիմ, որ հինգ վայրկյան շնորհեք ինձի.

Սիրտդ կը սխմվի, բայց անքաղաքավարության վախով ձայն չես հաներ։

Հինգ վայրկյանի կարոտություն չկա պարոն. ինչ ըսեք պիտի նե հասկցա. դուք վարժապետ եք, և կարծեմ վարժապետության տեղ մը կը փնտրեք. այնպես չէ՞։

— Բայց շնորհք ըըեք, որ ըսեմ։

— Արդեն ըսիք պարոն։

— Ե՞րբ ըսի.

— Հիմա ըսիք նե. կերևա որ մոռցաք։

— Կարելի է. ուրեմն հասկցաք։

— Այո՛, հասկցա. ի՞նչ բան դաս կրնաք տալ։

— Նվաստությունս։

— Կաղաչեմ, այդ բառը մի գործածեր. ետքը կարծեմ շատ պետք պիտի ունենաք, այն ատեն գործածեցեք։

— Շատ լավ. ծառանիդ այնպիսի վարժարան մը մտնել կուզեմ, որ մարդ իմ գործիս չխառնվի. ես ինչ ուզեմ նե ան ընեմ, աշակերտաց քովն ալ մարդ չըհանդիպի, մինչև երկու տարի:

— Անկէ ետքը՞։

— Անկե ետքը ամեն մարդ թող տեսնե, թե տղայք ի՞նչ են սովրեր։

— Շատ լա՛վ. երաշխավոր մը կրնա՞ս ցուցնել։

— Ինչի՞ երաշխավոր կուզեք։

— Հապա երկու տարիեն ետքը տղայքը բան մը սովրած չլլան նե՝ եղած վնասները որմե՞ն առնելու է։

— Բայց, թե որ տղայքը ծույլ ըլլան, խուլ ըլլան ու բան չսովրին նե ես ինչ ընեմ. իմ հանցանքս ի՞նչ է։

— Ուրեմն ի՞նչպես կրնաս ըսել, թե տղայքը երկու տարիեն ետքը թող տեսնեն։

— Բայց ես խոսքի վրա կըսեմ։