Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նեց։ Այս անգամ ալ Բերայի ժողովուրդին հետ ուղղակի հարաբերության մտավ, Բերայի քարոզիչ Ամբրոսիոս վարդապետին՝ կոնդակ մը ղրկեց, որ եկեղեցիին մեջ կարդա։ Ան ալ աս կիրակի կարդացեր էր։

Ոմանք կըսեն, թե Ամբրոսիոս վարդապետին պարտքն է, որ այդ կոնդակը կարդալեն առաջ տաներ սրբազան Պատրիարքին ցուցներ և անոր հրամանը առնելեն ետքը կարդար, ոմանք ալ եկեղեցական իշխանության օրինաց խորերը երթալով կըսեն, թե պարտքն էր, որ կոնդակը վեհափառ Կաթողիկոսին դարձներ և անկե խնդրեր, որ Պատրիարքին ղրկե։

Այս ըսողները իրավունք չունին. վասնզի Ամբրոսիոս վարդապետ տեսնելով, որ վեհափառ Կաթողիկոսը զինքը մարդու տեղ դրեր Բերայի քարոզիչ անվաներ ու կոնդակ ղրկեր է՝ չէր կրնար զանի ետ դարձնել առանց Վեհափառին այս համարումը ջնջելու։

Մանավանդ որ կըսեն, թե վեհափառը իրեն հնազանդելու խոնարհամտություն ունեցողները անվարձ չթողուր։ Վարդապետը մեզի պես ամեն օրվան ապրուստը հոգալու չէ յա, անոր մտմտուքը, աբեղա է նե, ծայրագույն ըլլալ, ծայրագույն է նե, եպիսկոպոս ըլլալ, եպիսկոպոս է նե, քոր ըլլալ, և այլն. ասոնք տվողն ալ Կաթողիկոսն է։

Ուրեմն, Ամբրոսիոս վարդապետ հանցանք չունի, վկա են բոլոր զինքո բամբասող դրացիները հանցանքը զանի ձեռնադրողինն է։

Երթանք հիմա վեհափառ Կաթողիկոսին։ Նորին ընդհանրական Վեհափառության կոնդակին այսպես մասնական ըլլալուն մեկ պատճառը բաժանելով տիրելն է նե՝ ուրիշ շարժառիթ մալ ունի. որ սա է. ասով Սրբազան Պատրիարքը կասկածելի ցուցնել կուզե ժողովրդին իբր թե անհասանելի կամոքն Աստուծո հասկցած էր, որ Հայրիկ անոր կոնդակը կարդալ չպիտի տար, ուստի ստիպված էր ուղղակի Ամբրոսիոս վարդապետին ղրկել, որ կարդա, մինչդեռ կոնդակին նյութը իրեն տվողը սրբազան Պատրիարքն էր։

Բայց ասով կաթողիկոսական կոնդակ մը փոխանակ Պոլսո ամեն եկեղեցիներուն մեջ կարդացվելու, մինակ մեկ եկեղեցիի մը մեջ կը կարդացվի եղեր, դուն արդյունքը նայե. կաթողիկոսական կոնդակին նվաստանալեն ի՞նչ կըլլա եղեր։

Բայց Մեղուն իր կոնդակը, որ դրված է առ նորին վեհափառությունը այնպես մինակ մեկ եկեղեցիի մը մեջ կարդացնելու չզիջանիր. հապա ընդհանուր աշխարհի առջև պիտի կարդա։