Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԵՐԻՔ ԽՆԴԱՑԻ

Աստված թշնամիս Մասիսին բերանը չտա։

Մասիս կըսեմ նե՝ չըլլա որ խմբագիրը հասկցվի։ Ություճյան էֆենտին բարի ու խաղաղասեր մեկն է․ իսկ Մասիսը չար ու խռովասեր։

Ություճյան էֆենտիին խաթերն համար մոռնանք պահ մը «Ամենայն ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչին». ըսենք, Ություճյան էֆենտին Որմզդի ծնունդ է, իսկ Մասիսը՝ Արհիմենին։

Այս թշվառական թերթն երբ երկու հոգի կռվի բռնված տեսնե՝ առանց զանոնք իրարմե բաժնելու աշխատելու, երկու մղոն հեռու են՝ «մի՛ ընեք եղբայրներս, ամոթ է ձեզի չվայլեր, տեսնողները ինչ կըսեն» և այլն, կըսե ու կը մեկնի և երբ կռվույն կրակը քի մը մարի շուտով քիչ մը ձեթ կառնե ու հոն կը վազե։

Երեքշաբթի ավուր Մասիսին մեջ Ա. ստորագրությամբ մեկը՝ Մանզումեի և Օրագրո մեջ տեղի ունեցած կռվույն վրա հոդված մը գրելով ըսած էր, թե երկու կողմանց մին թշնամանք չմնաց, որ չթափե ժողովրդյան գլխուն «Բարուց ապականություն » հոդվածովը և այլն։

Մասիս ալ աս տողերուն համար ծանոթություն տալով կըսե. այս հոդվածույն մեջ Մանզումեի ալ ծանր ակնարկություն մը եղած է։ Ապրի՞ Մասիս, եթե այս ծանոթությունը չտար՝ ոչ ոք պիտի կրնար հասկնալ, թե այդ տողերը որու կը վերաբերին։ Աղեկ թափանցեր է այդ տողերուն գաղտնյաց խորը, և յուր սրատեսությամբը տեսեր է որ Մանզումեի ալ ակնարկություն կա եղեր։

Գիտե՞ս, ընթերցող, ինչի կը նմանի ասիկա, կեցի՞ր ըսեմ։

Փատ մառնեմ և Մանզումեի գլխուն իջեցնեմ, Մասիս ալ տեսնե աս ու ըսե. այս հարվածը Մանզումեի ալ դպավ։

Բայց, ա՛ Մասիս, այդ հարվածը արդեն Մանզումեեն ուրիշ մեկու մը դպած չէ, որ Օրագիրինը զատ է։