Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԽԱԼ ԸՄԲՌՆՈԻՄ ՄԸ

Մեղուի ընթերցողը կը հիշեն անշուշտ, որ անցյալ շաբթու Ասիան գոված ու փափագ հայտնած էինք, որ ամեն օր հրատարակեն զայն, եթե կարելի է, և ավելցուցած էինք, թե չըլլա որ մեր այս գովեստը ծաղր կամ կատակ կարծվի։ Իմացուցած էինք նաև, որ եթե Ասիա պակասության մեջ գտնվի պիտի ապտակենք զինքը, պիտի խայթենք, այն ատեն պետք չէ որ խրտչի, պետք չէ որ զայրանա։

Ինչպես որ կը տեսվի ասի գովեստ մէ պարզապես, քաջալերություն մէ, զոր չենք զլացած տալ Ասիո խմբագրության։

Շաբաթ օր, մեծավ զարմանոք, մեր մեկ բարեկամեն իմացանք, որ վերոհիշյալ տողերուն իմաստը սխալմամբ ծուռ ըմբռնվելով, Ասիական Րեյիզը մեզի զայրացեր է։ Այդ թերթը փնտրելու համար ասդին անդին գացինք, բավական հոգնեցանք, բայց ո՛չ ծախողներուն և ո՞չ ալ առնողներուն քով գտա՛նք, անկե հայտնի կը տեսնվի, որ մեր գովեստին արժանի է եղեր Ասիա, որովհետև Ժողովուրդեն աղեկ ընդունելություն կը գտնե այսպես։ Ասիան որչափ որ կը գովենք, պետք է յուր թերություններն ալ խոստովանինք, Մասիսի չնմանինք բնավ։ Ասիա տղա է տակավին, հանդուգն է, խիզախ է, համառ է, երբ մյուս թերթերը ըսածին ճշմարտութեան կը համոզվին, ասիկա չի համոզվիր, և գիտեք որչափ դժվար բան է տղա մը համոզել։ Ասիա ոչ ապտակե կը վախնա, ո՞չ խայթոցե կը վախնա եղեր, թեև յուր անունը տակավին մինչև ծովեզրը չէ հասած։ Ասիա մեզի թերթ ալ չի ղրկեր և ղրկելը անպատվություն կը համարի իրեն, ինչպես որ կը տեսնվի ինք թեև պզտիկ, բայց սիրտը մեծ է։

Թողունք ասոնք և տեսնենք, թե ի՞նչ ըսած է եղեր մեզի։ Բարեկամս կըսե, թե փաստ ուզեր է, փաստ (փաստը ուսկից գտնալու է, Աստված իմ), մեզի խեղկատակ ըսեր է (թեև յուր թերթը ավելի