Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՆԴԱԿԻՆ ԽՆԴԻՐԸ

Մեղուն իմ ացուցեր էր, թե Ամբրոսիոս վարդապետ Կաթողիկոսին ուղղակի իրեն ղրկած կոնդակը ուղղակի կարդացեր էր։

Մասիս կիմացներ անցյալ շաբաթ օրվան թերթովը, թե Կրոնական և Քաղաքական ժողովները այս լուրն առնելով խառն նիստ մը ըրեր են, այսինքն, որը քովընտի, որը կես պառկած, որը ծունկ լոքած, որն ալ պաղտաշ ըրած նստեր են. եղելությունը խնդրոց առաջինն են ըրեր, անոր վրա խոսեր, վիճաբաներ, բարկացեր, կրակ կտրեր և ահագին ցասմամբ և խիստ կծու նամակով մը Ամբրոսիոս վարդապետը ժողովին ներկայանալու հրավիրեր են։

Ահա նամակին օրինակը։

«Յէջմիածնայ գահիցն վերապատուեալ Աստուածարեալ Տեառնըդ Սրբազնասուրբ Ամբրոսիոսի և ծայրագոյն վարդապետիդ խնդալ։

Ստորագրյալքս հանուրց հիւսիսականաց վեհագոյն հայոց մեծաց ազգային Վարչութեան, Կրոնական և Քաղաքկան ժողովոյ անարգ, նուաստ, սինքլոր, անպետ, կոյը, խուլ, համրանդամք, երեսանկեալ աղաչեմք զբարձր Սրբազնութիւն ձեր զի հաճեսջիք առնել խոնարհամտութիւն և զիջանիլ ընդունել զհրաւեր մերս նվաստութեան և հրամայել ի Պատրիարքարան ի ժողով մերս ստորնութևան ուր ներկայութիւն ձերդ բարձր Սրբազնութեան կարևոր հասարեցաք վասն ինչ ինչ տեղեկութեանց։

Յայտ առնեմք նաևս այսու խոնարհական դրութեամբ, զի պատրաստեալ եմք ձեզ տեղ յատենի ժողովոյ մերոյ ի վերայ գլխոյ մերոյ»։

Այս նամակը Պատրիարքն ալ ստորագրեր է երկու ժողովներուն կողմեն։

Ամբրոսիոս վարդապետ այս նամակը առնելուն պես՝ բարեհաճեր է ազգային վարչության իմացնելու իր չկրնար երթալիքը և ըսեր է. կին ածի կալ զիս հրաժարեալ: