Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես ալ ձեր խոսքին վրա կըսեմ։ Հիմա իս նայե, պարոն, դուն վարժարանի մը տնօրե՞ն ըլլալ կուզես։

— Այո՛, որպեսզի տես...

— Բայց հիմա ատանկ բան մը ուզող չըկա ինե։

— Հոգ չէ, տնօրենի օգնական կ՝ըլլամ։

— Ան ալ ուզող չկա.

— Ապա թե ոչ բարձրագույն ուսմանց դասատու կըլլամ։

— Ինե բարձրագույն ուսմանց դասատու ուզող չկա։

— Հոգ չէ, երկրորդական ուսմանց դասատվություն ալ կրնամ ընել։

— Հիմա իս նայե, որ քեզի ըսեմ, դպրոցի մը հոգաբարձությունը ինե այս օրերս ծաղկոցի կառավարիչ մը և տնտես մը ուզած է. կ՛ուզես նե քեզի նամակ մը տամ, գնա իրեն հետ խոսե։

Մեր վարժապետը քիչ մը մտածեց ու ըսավ.

— Շատ լավ. նամակը գրեցեք տվեք, կարելի է ես անոնք կը համոզեմ ու ուրիշ պաշտոն մը կառնեմ։

— Ատի ձեր ու անոնց գիտնալու բանն է. Աստված տա հաջողիք։

Նամակը գրեցի տվի. առավ, գնաց, խոստանալով, որ իր երախտագիտությունը օր մը չէ նե օր մը, կամ հրապարակավ կամ տոպրակավ հայտնե մեզ։

Ասոնք գլխերնուս ճամբեցինք, հիմա տեսնենք հոգաբարձուներեն ինչ նամակ պիտի ընդունինք այս մասին։