Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌԱԿ ԵԶՈՊՈՍԻ

ՄԵՂՈԻՆ ԵՎ ԱՅՎԱԶԸ

ԲԱՐՈՅԱԿԱՆՆ ԱԼ ՁԵՌՔԵ ՉՁԳԵՆՔ

Մեկը կա, մեկը չկա, մեկ մեծատուն մը կա եղեր, աս մեծատունը պզտիկ ֆինո մը ունի եղեր, անունն ալ Մեղու եղեր։ Ֆինո ըսելով ամեն մարդ կը հասկնա, որ այս կենդանին շատ զվարճալի է, անմեղ կատակներ կընե, այնպես որ ամեն մարդ կը սիրե զինքը։ Մեծատունն ալ իր այս ֆինոն շատ կը սիրե եղեր և չուզեր եղեր որ ժամ մը աչքին առջևեն հեռանա։ Երբեմն չերևա նե՝ կտրտմի ու կը հարցնե, կը փնտրե եղեր ուր մնալը։

Այս մեծատունը էշ մալ ունի եղեր ախոռին մեջը, որուն անունն ալ Այվազ դրած է եղեր (ականջը խոսի), անունը Այվազ դնելուն ալ պատճառը սա է եղեր, որ այվազի պես կը ծառայեցնե եղեր։

Այս խեղճ Այվազը ամեն օր ֆինոն կը դիտե եղեր, որ իր տիրոջը հետ կը պտըտի, համադամ կերակուրներ կուտե, այն մեծ տունին մեջ ամենուն սիրելի է, հանգիստ կը պառկի, կը քնանա, մարդ իրեն խոսք չըներ. վերջապես երջանիկ ու հանգիստ կյանք մը կը վարե. կ՛ըսե ինքնիրեն — ի՞նչ է աս իմ քաշածս, ախոռին մեջ բավական խոտ ու գարի չկա, ամեն աշխատություն իմ կռնակս կը ծանրանա, առտվանցեն մինչև իրիկուն ջուր կրե՛, փատ կրե՛. աղտոտե, ոջլոտե՛, քիչ մը հոգնություն կըսեմ, ետևես փատը կուգա։ Դա պզտիկ կենդանին գործ մը չտեսներ, միայն տերը տեսնալուն պես, դեմը կը վազե, հասակն իվեր կը ցատկե, քանի մը կատակներ կընե և այս ըրածովը աղայի պես կյանք կը վարե. այս ըրածն ալ բա՞ն մէ. ես անկե աղեկը կընեմ։ Աս ըսավ մեր Այվազ էշը ու իր աիրոջր գալուն սպասեց։ Իրիկուն եղավ, մեծատունը եկավ, մեր Այվազ էշն է հանկարծ չվանը փրցուր, ախոռեն դուրս ցատկեց.