Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մանզումե. Կը բողոքեմ, արջի պես քար նետող դնենք անունը։

Փունջ. Ատի խիստ երկար է, այդչափ բանը չկրնար գոց ընել Այվազը, հետևաբար իր անունը կը մոռնա։ Ճարտասանության մեջ կանոն մը կա, որ շատ անգամ պարունակողը պարունակյալին տեղ կը դրվի՝ այս կանոնին համեմատ՝ փոխանակ արջի պես քար նետող ըսելու արջ ըսելու է։

Մամուլ. Բայց առջի անունս ալ թող վրաս մնա։

Փունջ. Առջի անունդ արջի փոխվեցավ ահա։

Մամուլ. Հիմա ես ա՞րջ եմ։

Փունջ. Չէ՛ ճանըմ, մերաք մըներ, պարունակողը պարունակյալին տեղ դրված Է...

Մամուլ. Անանկ է նե՝ վնաս չունի։ Ես կարծեցի, որ արջ պիտի ըլլամ տե՝ որ թաղի մեջ պիտի խաղամ տեյի պիտի հարցնեի. ես ալ գործս գիտնալու չեմ մի յա։

Նախագահ. Է՜յ, Այվազ, այս խնդիրն ալ ահա այսպես լուծվեցավ։

Մամուլ. Ո՜չ, չեմ ընդունիր, ես էշ եմ, իմ անունս չեմ փոխեր։

Ատենապետ. Քեզի բարիք մը ընելու համար դրինք այս անունը։

Մամուլ. Չե՛մ ընդունիր։

Փունջ. Ծո՛, խենդ ես, ի՞նչ ես, պարունակողը պարունակյալին տեղ դրված է կ՝ըսեմ կոր քեզի։

Ատենապետ. Քեզի կ՝ըսեն կոր քի պարունակողը պարունակյալին տեղ դրված է։

Մամուլ. Բեք աղեկ, աղոթք ըրեք, որ պարունակողը պարունակյալին տեղ դրվեցավ, չէ նե՝ ես չէի ընդուներ։

Ատենապետին եղբայրը. Առաջ քիչ մը զոռ կընե ամմա, վերջը կընդունի, գիտեմ ես, պարունակողը պարունակյալին տեղը հա՛, հա՛, հա՛, պարունակողը պարունակյալին տեղը հա՛, հա՛, հա՛, հա՛, պարունակողը պարունակյալին տեղը հա՛, հա՛, հա՛։ Ժամացույցը չքալելուն համար ատյանը ժամը 3-ին գոցվեցավ։ Պարունակողը պարունակյալին տեղը հա, հա, հա՞...