Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՄՈԻԼԻ ԾԱՆՈԻՑՈԻՄԸ

ՄԵՂՈՒԻ ՈԻՐԱԽՈԻԹՅՈԻՆԸ

Ինչպես որ Այվազը գարին տեսած ժամանակը ականջները խաղցնելով ու ցատկելով կուրախանա, այնպես ալ Մեղուն երբ կը տեսնե, որ Այվազը համառությունը ձգած շիտակ ճամբեն կընթանա, հանչափս կուրախանա։

Մեր սբիրիթյուալիսթ Այվազը խմբագրական ասպարեզ իջած օրեն իվեր, իրեն բան գործ ըրած է, երբեմն կրոնքը ծաղրել, շատ անգամ անոր ասոր հայհոյել, գրեթե միշտ շատերուն ընտանեկան պատվույն դեմ հարձակիլ։ Տգիտության տված քաջալերությամբն արբշիռ, չզգալով որ իր այժմյան փառքն ապագային մեջ ճշմարիտ անարգանք մէ, այս վերջին ժամնակներս սկսավ ալ ավելի զռալ, դեռ անցյալ շաբթվան թերթովը Խասգեղ կատարված պատվավոր անձի մը հարսնիքին վրա լրբենի հոդված մը հրատարակեց։

Շարիվարի ըսելով հայհոյել կը հասկնա մեր սբիրիթյուալիսթ Այվազը․ զարմանալու չէ, խույումճիի աշակերտ մը անկե աղեկ չէր կրնար գրել։

Մեղուին պաշտոնը մոլությունները հարվածել ըլլալով իր նվիրական պարտավորությունն էր նախ՝ մոլությանց արմատը՝ Մամուլը կըսեմ, չորցնել։ Ուստի, հասկցուր իրեն կերպով մը, թե առանց տառասխալի երկու տող գրել չգիտցողի մը ուրիշները ծաղրելու ելնելու պես ծաղրելի բան չկա։

Մամուլ ասոր վրա զայրացավ և հայհոյություն չմնաց թափեց մեր գլխուն։ Բժիշկներն ալ իրենց խելագար հիվանդներեն շատ մը հայհոյություններ կը լսեն. մենք չբարկացանք, բժիշկներն ալ չեն բարկանար, աշխատեցանք բժշկելու մեր ցնորած Այվազը, և շատ գոհ ենք որ բժշկության երես գարձուց։

Ահա իր գրած ծանուցումը.