Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Մամուլի՝ մինչև հիմա բոնած ոճն ու ընթացքը թեպետ և միայն շարիվարի գրել էր (հայհոյել էր) բայց տեսնելով որ՝ տեսնելով որ՝ (ցնորած վիճակին մեջ կերևի, որ ուրվականներ կը տեսնվին կոր աչքին) որոշում տվավ, որ իր թերթին մեկ մասը դարձյալ շարիվարի (հայհոյություն) պահելով, մեկ մասը այսուհետև ազգային զանազան խնդրոց վրա լրջորեն դրված հոդվածներու հատկացնե»:

Ըսել է որ հիմակու հիմա ազգը հայհոյությանց կեսեն ազատեցավ։

Շարունակենք Մամուլի ծանուցումը․

«Ուստի այս օրվնե իբրև ճշմարիտ արձագանք հասարակաց կարծյաց (փառք քեզ Աստված, ինք ալ կը խոստովանի, որ իր թերթը մինչև հիմա ճշմարիտ արձագանք հասարակաց կարծյաց չէ եղել, և անհնար էր որ ըլլար ինչու որ, այդ հաշվով հայ ազգը հայհոյիչ ըլլալ պետք էր) հայտարարություն կընե, որ իր էջերը բաց են ամեն անոնց, որ ազգային այս կամ այն խնդրի վրա բան մը գրել կուզեն»։

Տեսար հիմա Մամուլ, ես քեզի չըսի, թե շարիվարի չես կրնար գրել, այլ ամենևին գրել չիյտես։ Ինչու այնչափ զռալեն վերջը հիմա կուգաս Մեղուին բոլոր ըսածները կը հաստատես։

Այսօր Մեղուի ուրախության օրն է, և որովհետև Այվազը Մեղուին գինով կըսե, թո՛ղ տուր ընթերցող, հատ մը պարպեմ, о՛ն անդր, ի կենդանություն Այվազին, Հհիմին Այվազիկս, ականջներդ սիրեմ։ Հայհոյե տեսնեմ, Այվազ, բոլոր հայհոյություններդ թափե՛. ի սեր ազգին պիտի ընդունի զանոնք Մեղու:

Իսկ դուք, ընթերցողը, ուրախացեր, զի հայհոյությանց կեսեն ազատեցաք։