Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԱՐՁՅԱԼ ՍԱՀՄԱՆԵՆ ԴՈՒՐՍ

Կերևի, թե այս խմբագիրները լրագրական ասպարեզին վրա գիշեր ատեն կը պտըտինք որ իրենց սահմանը չտեսնելով անկից անգին կանցնին։

— Ի՞նչ է սահմանեն դուրս ելնելը — ասպարեզին մեջ չգտնվիլը։

Օրագրի հարցնես նե կըսե, թե մեզի լայնածավալ դաշտի մը մեջ ձգեր պտըտե կըսեն, և երկու քայլ առնելուդ պես՝ հա՛ սահմանեն դուրս ելավ ըսելով՝ փոխանակ սահմանին մեջ մտցնելու, սահմանին անդիեն ալ անդին կը տանին։

Մեղուի հարցնես նե կ՝ըսե, թե... կըսե, թե․.. կըսե, թե... կ՝ըսե, թե.․. ահ, մարտ 12-ը լեզուս կը կապե։

Կրոնական սահմանեն դուրս չելնելու համար մեր կարճ խելքովը կարճ ճամբա մը գտանք, այն է, թե բոլոր խմբագիրները կրոնական ըլլան, կարգվածները քահանա, չկարգվածները վարդապետ, Այվազն ալ փոքրավոր (փատ կտրող). այս ճամբով կը հուսանք որ սահմանազանցության առաջքը կառնվի։

Գալով Մանզումեի և Օրագրո դադարման՝ մեր ցավը հայտնելով կը մխիթարենք զիրենք, իրենք ալ թո՛ղ մխիթարվին. ամառվան երկար օրերուն մեջ գոցվեին նե՝ ի՞նչ պիտի ընեին. փառք Աստուծո, հիմա օրերը կարճ են, և ամառվան օրերուն հետ բաղդատելով 30 օրը տասնհինգ օր ըսել է։

Կփափագինք, որ արգո հասարակությունն ալ հանգանակությամբ մխիթարե զիրենք, որպեսզի բամազաննին բոլորովին անոթի չանցունեն։

Հանգանակությունը քիչ մը ավելի ժողվելու է, որ ասկե վերջը գոցվելիք լրագրաց համար ալ առաջուց պատրաստություն մը տեսնված ըլլա։