Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերել ամեն կիրակի. ըստ մեզ պարոն Պուրժը ատենաբանությունը գրելու է, պարոն Գոգցեսը թարգմանելու է և Արգոսն ալ կարդալու է, Մասիս ալ վերջեն զայն հրատարակելու է, որ մյուս թաղեցիներն ալ կարդան և չզրկվին այդ դաստիարակությունեն, ատոնց ալ մեղք է, ատոնք ալ մեր եղբայրներն են:

Կատակը մեկդի:

Իճատիեյի հոգաբարձությունը կազմված օրեն իվեր կարծես թե ուխտ ըրած է ուրիշ հոգաբարձությանց ըրածին հակառակ ընել, և թե, որ դպրոցն ալ անոր ձեռքով շինվեր շատ հավանական էր, որ հիմերը օդի մեջ դրվեին:

Մեկ կողմեն ալ հավտալ չենք ուզեր, թե հոգաբարձության կողմեն եղած ըլլան այս անհեթեթ որոշումները, ինչու որ անոր մեջ կան մեկ քանի ծանրագլուխ անձինք՝ որք իտտայություն զեվզեկություն և հոպպայություն անունով պիտի կնքեին այս որոշումները, եթե ուրիշները ընեին զանոնք:

Ո՛վ Աստված իմ, հնա՞ր է արդյոք, որ մարդս այն աստիճան խաբվի, և ինչ որ ուրիշի վրա մոլություն կանվանե, իր վրա առաքինություն կոչել Մի՞թե մոլությունը հագուստ Է, որ մեկուն վրա գեշ և ուրիշի մը վրա աղեկ երևա:

Լուրջը մեկդի։

Հոգաբարձությունը 3 ղուրուշ ալ մուտք որոշեր է. Է՜հ, ի՞նչ ելավ ասկե, մյուս վարժարաններն ալ հուտք կառնեն, անոնց չնմանելու համար գոնե 3 ղուրուշ ալ ելք դնելու էր, որ մտնողները ներսը մնային և աղեկ մը դաստիարակվեին...