Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՂԱԿԱՆԻ ՄԸ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ

ՀԱՇՎՈ ՄԸ ԹԱՂԱԿԱՆԸ

Նախնիքներեն մնացած բարի սովորություն մը կա, որ թաղական մը իր պաշտոնեն հրաժարած ատենք՝ Տնտեսական խորհուրդի ձեռքով հաշիվները իրեն հաջորդին կը հանձնե։

Ասիկա, ինչպես որ ըսինք, բարի սովորություն մէ — նախնյաց ո՞ր սովորությունը գեշ է որ — բայց կերևի, թե աս ալ ուրիշ խել մը բարի սովորությանց պես վերնալու ճամբուն մեջ մտնել կուզե։

Պատմենք։

Անցյալ շաբթու Տնտեսական խորհուրդին մեկ քանի անդամք թաղականի մը կը ներկայանան և կըսեն.

— Հաշիվները կուտա՞ք այսօր։

— Ի՞նչ հաշիվ։

— Պաշտոնե հրաժարած չե՞ք։

— Գործը գիտե։ Թող որ Քաղաքական ժոդովին անդամոց կեսին հարցներ նե՝ հրաժարած ենք, մյուս կեսին հարցներ նե՝ հրաժարած չենք, թե որ մեզի հարցնելու ըլլաք նե՝ թե՛ հրաժարած ենք և թե՛ հրաժարած չենք։

— Անանկ է նե՝ մենք ալ հոս թե՜ եկած ենք և թե՜ եկած չենք:

— է՛յ, ի՞նչ կա, ինչ չկա նայինք, օդերն ալ անձրևոտ կերթան կոր, հա՜։

— Կաղաչենք, հաշիվները տայիք տե երթայինք, դեռ ուրիշ գործեր ալ ունինք ընելու։

— Ան չէ ամա, շոսեեն թրամվայ պիտի քալեցնեն կըսեն կոր նե՝ իրա՞վ է մի։

— Կաղաչենք մեզի սպասել մի՜ տաք, սա հաշիվները.․․

— Հա՛, աղեկ ըսիք. խորհուրդս միտք ունի, այս օրերս հաշիվներու ծրագիր մը պատրաստել և Տնտեսական խորհուրդին ներկա—