Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲՈՂՈՔ ՄԵՌԵԼՈՑ

Հետևյալ բողոքագիրը զոր Բերայի գերեզմանատան մեռյալները ղրկած են մեզ, անկողմնակալությամբ կը հրատարակենք ի տեղեկություն ազգայնոց։

Մեծապատիվ Այվազին վրա նստող։

Նկատելով, որ մեր մեջը անանկ ծույլեր կան, որ իրենց կենդանությանը ատեն անգամ տեղերնեն երերալու ուշենմիշ կըլլային․

Նկատելով, որ մեր մեջ անանկներ կան, որ մոտայի ծախսին չդիմանալով իրենց կնկան և աղջիկներուն ձեռքեն ազատելու համար հոս եկած են.

Նկատելով, որ մենե շատերը համբակ բժշկաց ձեռքով հոս եկած ըլլալով ելնելուն պես բժիշկներուն վիզը պիտի փաթտվին և պիտի կռվին.

Նկատելով, որ քոլերայի ատեն շատերը իրենց հոգին գերեզմանին մեջ փչեցին և որք հիմա ելնելնուն պես կրնան այն բժիշկները ճանչնալ և հետերնին կռվիլ.

Նկատելով, որ մենք այս տեղի կլիմային վարժված ենք և ուրիշ տեղի օդը մեզի չգար.

Նկատելով, որ այս խնդիրք մեռելոց խնդիր չէ, այլ խնդրոց մեռյալն է.

Նկատելով վերջապես, որ այս ամենը նկատելով.

Նկատելով, որ մենք ասկե ելնել չենք ուզեր.

Ուստի կը բողոքենք, որչափ որ կրնան մեռյալք բողոքել և մեր կողմեն Կրոնքը փաստաբան կը կարգենք։