Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՎԱԶԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՄԵՋ

Մեր Այվազուկը երեքշաբթի օրը Պոլսո գեղերը ամբողջ պարտելով, և հազիվ երկու կտոր ձեռագիր ճարելով հետևյալ օրը կանուխ գրասենյակը կը վազե.

— Գաբրիկ, պարոն Մ. Ա. ձեռագիր չղրկե՞ց։

— Ո՛չ։

— Հապա պարոն Կ.ը:

— Ան ալ չղրկեց։

— Պ. Ն. Թ․ ալ չղրկե՞ց։

— Ո՛չ։

— Ինչ անհոգ մարդիկ են սվոնք, ժամանակին ձեռագիր հասցնելու չե՞ն. հրամմե՛, ըսե նայիմ, ինչո՞վ պիտի լեցնենք այսօր Մամուլը. ընդամենը երկու կտոր ձեռագիր կա քովս։

— Իրավ որ չիյտեմ. կամքը ձերն է։

— Սա օտապաշին չկան չե՞ս, անիկա երբեմն թոհաֆ, թոհաֆ բաներ կը խորաթե։

Գրագիրը կերթա, օտապաշին կառնե կը բերե։

— Խոսե նայինք, օտապաշի, ի՞նչ կա ինչ չկա։

— Ի՞նչ խոսիմ, աղա։

— Այս օրերս բան մը չլսեցի՞ր։

— Չլսեցի՛։

— Բան մը չտեսա՞ր։

— Չտեսա՛։

— Երազիդ մեջ ալ բան մը չտեսար։

— Չտեսա աղաս, ինչ ընեմ, առաջուց իմացնեիր նե՝ խաթերդ համար կը տեսնեի։

— Լուր մը չիյտե՞ս, երեկ, այսօր բան մը չպատահեցա՞վ։

— Պատահեցավ։

— Հա՛, իշտե զրուցե։