Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարև ըրե, ըսե քի մութլախ ներկայացում մը տան, ազդն ալ առ եկուր։

Գրագիրը կերթա և բերանը ձիթենիի ճյուղ մը բռնած ետ կը դառնա՜։

Այվազն աս տեսնելուն պես կուրախանա, շուտով տպարան կը վազե, Մամուլին մեկ երեսը թատրոնի ազդով կը լեցնե, մեկ երեսը Միանսարյանցի գեղագրությունով, մեկ երեսն ալ անոր մեջը գրտնված մեկ ոտանավորով, մեկ երեմն ալ անկե ասկե ղրկված նամակներով, երկու երեսն ալ հայհոյությունով կը լեցնե և կսկսի ուրախանալ։

Շատ հավանական է, որ հաջորդ թերթը բոլորովին պատկերով լեցնե։

Մամուլին երեսները համրելեն ետքը Այվազին երեսներուն վրա ալ տեղեկություն տալ պարտք կը համարինք։

Այվազին համար ոմանք կըսեն, թե մեկ երես ունի, ոմանք ալ զինք Յանոս թագավորին նմանեցնելով կըսեն, թե երկու երես ունի, մեկով անցյալը և մյուսով ապագան կը դիտե. ոմանք ալ կըսեն, թե ամենևին երես չունի, աներեսի մեկն է։

Հասարակությունը թող դատե և վճիռը տա։