Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓՈՒՆՋԻՆ ԱՆԳԹՈԻԹՅՈԻՆԸ

Լրագրական տեսչությունը քիչ կուգար կոր լրագիրները դադրեցնելու, մեյ մալ Փունջ ելավ գլուխնուս։

Փունջ իր երեկվան թերթովը չորս ամիս դադարման կը դատապարտե Լևընթ Հերըլտը:

Մեկ ամիս ալ չէ տե, չորս ամիս... ինչ անգթություն է աս քու ըրածդ ո՞վ Փունջ, ո՜վ անգութ Փունջ, ի՞նչ ըրավ քեզի Լևընթ Հերըլտը, որ զինք չորս ամիս դադարման կը դատապարտես։

Դատապարտե՛, գոցե՛ լրագիրները ո՜վ Փունջ, պատմությունն ալ քեզի պիտի դատապարտե։

Բռնաբարե մամլո ազատությունը ուզածիդ չափ, բայց ապագային առջև դողա ամառվան բալթոյովդ։

Առիթը չփախցնենք, խոսինք։

Տասն և իններորդ դարուն մեջ թերթ մը գոցեր գիտես ի՞նչ ըսել է, ո՜վ Փունջ, մարդուն ապրուստի աղբյուրը ցամքեցնել ըսել է. մարդուն միտքը շղթայի զարնել ըսել է, հառաջադիմության լամպան մարել ըսել է, վերջապես առաջ մերթաք, ուր եք նե՝ հոն կայնեցեք ըսել է — կոշկակարները կործանել ըսել է։

Եվ դու՛, ո՜վ Փունջ, դու՛, որ ազատության հետ սիրահարություն կընես, այսպե՞ս վարվելու էիր քուկին ընկերներուդ հետ։

Մեկու մը լեզուն կտրելը դժվար բան մը չէ, դժվարությունը այն լեզուն մշակելն է։

Եթե Լևընթ Հերըլտ քու հրամանիդ անսալով դադրելու ըլլար նե ի՞նչ շահ պիտի ըլլար քեզի։

Զգուշացի՜ր Փունջ, ուրիշ անգամ ասանկ սխալմունք ընելե։


ՎՐԻՊԱԿ

<1>

Չորեքշաբթի ավուր Փունջին մեջ, Լևընթ Հերըլտը չդադարեցավ ըսվելու տեղ՝ սխալմամբ դադրեցավ ըսվեր է։