Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՏԵՆԱԲԱՆՈԻԹՅՈԻՆ ՄԵՂՈՒԻ ԱՌ ՍԱՄԱԹԻԱՑԻՍ

Տյարք իմ և Տիկնայք

(Ծափահարությունք)

Օգսեն էֆենտի Խոճասարյան (ծափահարությունք) կիրակի օրը, ժամը տասներկուքին միջոցները ատենաբանություն մը ըրավ Հայկական զբոսարանի մեջ (այո՛, այո,)։ Շատ ունկնդիրներ կային հոն, այլ քիչ ուշադիրներ։ Ես ալ հոն էի, ավելորդ է ըսել, որ Օգսեն էֆենտին ալ հոն էր, քանի որ խոսողն ան էր (այո՛, ո՛չ, այո՛, ո՛չ)։ Կաղաչեմ մի ընդմիջեր խոսքս։ Ես լսեցի Օգսեն էֆենտիին ձայնը, անոր համար բոլոր ուժով կը պնդեմ, որ խոսողը Օգսեն էֆենտին էր. բայց Օգսեն էֆենտիին իրոք հոն ըլլալուն կամ չըլլալուն վրա բան մը չեմ կրնար ըսել (հասկցա՜նք, հասկցա՜նք, շատ աղեկ, շարունակեցե՛ք)։

Ատենաբանը Սամաթիո կռիվներուն վրա խոսելով ըսավ, թե Սամաթիացիք չեն ուզեր կռվիլ, բայց պարագաները անանկ բերին, որ կռվին (շարժումներ ունկնդրաց կողմեն, աթոռ չկրնար գտնելով ոտքի վրա մնալնուն համար)։ Ես ալ կը հաստատեմ, որ սամաթիացիք բնավ հանցանք չունին, հանցանքը այդ գետնին տակո անցնելիք պարագաներուն է։ Ուստի, այդ պարագաները պատժելու է, որ մեյ մալ չընեն։ Եվ կը ճանչնա՞ք այդ պարագաները, ո՜հ տյարք իմ և տիկնայք, այդ պարագաները մեզի պես երկու ոտք, երկու ձեռք ունին, այդ պարագաները օղի ալ կը խմեն, այդ պարագաները, տյարք իմ, կիրակի իրիկունը սեղանի մը առջև հավաքված օղի խմողներն էին (Սամաթիո հրաժարյալ և չհրաժարյալ թաղականը կողմեն բարկության ցույցեր), այդ պարագաներն էին, որ քվետուփը կոտրեցին, և այդ պարագաներն են, որ քվետուփը կոտրեցինք ըսին (փոթորիկ)։

Պատմութենե հալածյալ, ապագայե անիծյալ, այդ պարագաներն են, որ զիրար հրապարակավ ամբաստանեցին. այդ պարագա-