Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔՈԻՄ ՔԱԲՈԻՅԻ ԴՈԻՐՍԻ ԹԱՂԱԿԱՆԸ

Այս օրերս թաղականներու մեջ շարժում մը կա կարծես, թե խորհրդարաններեն դեպի դուրս։

Մեկր կը պոռա, թե հաշիվները պատրաստված չեն, քանի մը ամիս պայմանաժամ տվեք ինձի, որ պատրաստեմ։ Մյուսը կըսե, թե պարագաները շատ գեշություն ըրին Սամաթիո, պարագաները զիրար հրապարակավ ամբաստանեցին, ուստի պարագաներուն վրա կասկած կա, թո՛ղ տվեք ամիս մը միանանք, հաշիվները շտկենք և վերջը ելնենք։ Իսկ Քում քաբույի դուրսի թաղականը, բան մը չըսեր խեղճը, հաշիվները պատրաստ են, թվանշանները աղեկ գրված, տետրակները մաքուր, միայն թե այդ հաշիվներեն ոչ ինքը բան մը կը հասկնա կոր, ոչ ալ դիմացինը. այս խեղճին ալ պակասությունը աս է ահա. չէ նե ըլլաի նե՝ թաղականներուն մեջ առաջին մրցանակը շատուց առած էր։

Ճակատագիրը այս թաղականն ալ այսպես հարվածեր է, ի՞նչ կրնանք ըսել։

Թաղեցիք այդ հաշիվները հասկնալի ընելու համար մասնաժողով մը կազմեր են, որն որ քանի մը շաբաթե իվեր անով կզբաղի, երբեմն առանձին, երբեմն թաղականի անդամոց ընկերությամբը։

Մասնաժողովը անցյալ շաբթու թաղականի մեկ քանի անդամները կանչելով կըսե.

— Պե ճանըմ, ձեր հաշիվներեն բան մը չենք հասկնար կոր։

— Մենք ալ չենք հասկնար կոր, ինչեն եղավ ասանկ չիյտենք, ուրիշ ատեն կը հասկնայինք։

— Հոս գրված է, թե Կարապետին 1000 ղուրուշ տրված է։

— Գրված է նե՝ տրված է, կամ թե տրված է նե՝ գրված է։

— Աս Կարապետը ո՞վ է։

— Տրված է նե՝ հելպեթ յապանճի չէ։