Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՆԴՐՈՑ ՄԵՌՅԱԼՆ Ի ՏԵՍԼՅԱՆՆ ՄԵՂՈՒԻ

Ընթերցո՛ղ, ես ալ երազ կը տեսնեմ, և շիտակը հասկնալ կուզես նե երկու անգամ կը տեսնեմ, մեկը արթնությանս մեջ և մեկալը քնույս մեջ, միայն սա պայմանավ, որ արթնությանս մեջ ուզած երազներս կը տեսնեմ, այսինքն զվարթ և մարդս երջանիկ ընող երազներ։

Երեկ իրիկուն տնկողին մտնալուս պես դեռ չքնացած սկսա երազել։ Տախտը անանկ բերավ, որ այս երազիս մեջ, շիյտեմ ինչպես եղավ միլիոնավոր լիրաներ վաստկեցա։

Նախ հացագործ Զաքար աղային ազգեն առնելիքը վճարեցի՛։ Վերջը Ներսեսյանը կանչեցի, հազար ոսկի ալ անոր տվի և ըսի․ «Ա՞ռ սա ոսկիները և Իճատիեյի դպրոցին վրայեն ջնջե քու անունդ և իմինս փորել տուրք»։

Այս գործն ալ լմնցնելեն ետքը, շիտակ Բերա ելա։ Փողոցները ցեխոտ ըլլալուն՝ չկրնալով մեկ կողմեն դիմացի կողմը անցնիլ, քոմիսիոնին ստակ տվի, որ մեծ փողոցին մեջ քանի մը կամուրջներ շինե, որպեսզի մեկը կարող ըլլա մեկ խանութեն անոր դիմացի խանութը անցնիլ։

Այս մեծագործությունն ընելեն ետքը շիտակ գերեզմանատունը վազեցի, անոր շուրջը իսկույն անառիկ բերդերու պես բարձր պատ մը քաշեցի։ Մեջը մտա, եկեղեցին ի հիմանե նորոգելով գմբեթավոր և ընդարձակ եկեղեցի մը շինել տվի, եկեղեցիին դռան վրա ալ այսպես փորագրել տվի «Շինեցաւ արդեամբ Մեղուի ի թուականին տեսլեանն Մեղուի»:

Հայերը աս տեսնելուն պես, ինձի վազեցին, աշխարհիս մինչև վերջը ինձի երախտապարտ մնալու երդում ըրին։ Մեկը ձեռքս կը համբուրեր, անդիեն ուրիշ մը ի ծունր իջած կը խնկարկեր զիս, ուրիշ մը ոտվըներս պլլված չէր թողուր որ քալեմ։ Ամենքը կուգային բալթոյիս բեշերը համբուրելու, անանկ որ հարս հատավ, բալթոս