Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՅՎԱԶԻՆ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԸ

Շատերը կըսեն, թե Այվազին վրա խոսելը անոր կարևորություն տալ ըսել է։

Կը պատասխանենք անոնց, թե մենք Այվազին վրա նստած ենք և ոչ թե խոսած, և շիտակը խոսելով վար իջնալիք ալ չունինք, ինչու որ մեր հանգիստը գտանք, և ինք ալ շատ գոհ է եղեր։

Մամուլի խմբագիրները, որ Այվազը իրենց պատնեշ ըրած Մեղուի վրա կը հարձակին՝ ալ փիլիսոփայության սկսած են, և անցյալ շաբթու հարյուրը մեկեն սա վճիռը տվեր են, թե ուրիշե վկայություն բերելը բանավարություն չունենալ ըսել է։

Այս վճիռով մինչև հիմա եկած բոլոր փիլիսոփաները բանավարությունն զուրկ եղած պիտի ըլլան, որովհետև գրեթե ամենն ալ իրարմե վկայություններ բերած են։

Ով խմբագրություն Մամլո, ինչու՞ համար Վոլթերին, Ռուսոյին և մանավանդ էմե Մարթենին պատիվը կտրատես, ինչու համար Եղիշեին, Եղնիկին և այլոց վրա կը հարձակիս, ո՜հ, բավ է, գթություն, գթություն, ձեռքդ խղճիդ վրա դիր խըյանեթ, մեղք է։

Ասկեց զատ, աս ո՞րչափ խնդացնել է, ընթերցողները խնդալն պիտի ճաթեցնեք։

Մեկ թերթերնուդ մեջ գրած էիք, թե օդերը ցրտեր է. Շողիկ տուտուն քյուրք ուզեր է, էրիկն ալ բարկացեր ապտակ միջուցեր է։

Աս դեպքին վրա չխնդացող չմնաց, բոլոր զայն կարդացողները ուրախութենե լացին։

Գիտես, ընթերցողդ, շատ զվարճալի կտոր մըն է։ Առջի անգամ իմ աչքիս ալ պաղ երևցավ, բայց վերջեն ուշադրությամբ կարդացի նե տաք երևցավ։

Շողիկ տուտուն քյուրք ուզե տե՝ էրիկը զարնե, հա՛ հա՛ հա՛ ուսկի՞ց կը գտնա ասանկ զվարճալի կտորները։