Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց ի՞նչ էր այսչափ իրարանցումի պատճառը։

Սխալ հասկացողություն։

Արտաքին գործոց վսեմ պաշտոնեին այնպես հասկցուցեր են, որ խնդիրք կրոնական չէ։ Նորին վսեմությունն ալ մեր կրոնքին տեղյակ չըլլալով հրաման տվեր Է, որ առնվի։

Եթե նորին վսեմությունը գիտնար, որ կրոնքին դեմ Է, ատանկ հրաման մը կուտա՞ր։

Ամենևին, ամենևին։

Հանցանքը գերապատիվ փոխանորդ հորն է, որ սխալ հասկցուցեր Է գործը. Մասիս ալ անոր համար ինքզինքը կը պատռեր, կը պոռար խեղճը ու կըսեր. «Սա գործը լավ հասկցուցեր և խնդիրը լուծված է»։

Որի՞ կը հասկցնես, փոխանորդը կերթա սխալ կըհասկցնե, Պատրիարքը կերթա, չկրնար հասկցնել, և վերջապես արդարությունը կը հասնի, թեպետև ուշ, և խդիրը կը լուծե։

Լսածնուս նայելով նորին վսեմությունը իմանալուն պես, որ կրոնքին կը դպչի, իսկույն հրամայեր է ալթընճը տայրիեյին, որ իր առաջադրութենեն վազ անցնի։

Ազգովին շնորհակալ ըլլալու ենք նորին արդարասեր վսեմութենեն, որ գերեզմանին չտրվիլը հրամայեց, շնորհակալ ըլլալու ենք նաև մեր կրոնքեն, որ գերեզմանատունը թող չտվավ, որ առնեն։

Եթե նորին աթլընճը տայրիեյությունը փափագ ունի պարտեզ շինելու, Ֆերի գյուղե անդին այնչափ ընդարձակ դաշտեր կան, թող հոն շինե պարտեզը։ Մեջը բաթաթես թոմաթես բուսցնե և քիչ մալ բանջարեղենները հառաջադիմության ճամբուն մեջ դնե, որովհետև իրեն շինել ուզած պարտեզը համբույրեն բացի ուրիշ պտուղ մը չտար, թեպետ և աս ալ հասարակաց զվարճության համար է։

Եթե նորին տայրիեի ալթընճիությունը գերեզմանը պարտեզ շինելով հասարակությունը պիտի զվարճացներ, անոր խոսքովը հայ հասարակությունը բավական զվարճացուց, ինքն ալ իր փափագին հասավ, մենք ալ. ոչ առնելիք մնաց ոչ ալ տալիք։


ԹՂԹԱԿՑՈՒԹՑՈՒՆՔ ՄԵՂՈՒԻ

ՄԵՂՈՒ ԱՌ ՄՈՐՓԵՈՍ ՀԻՊՆՈՍՅԱՆ

Սիրելի բարեկամ

Քանի մը ժամանակե իվեր գիշերները քուն չունիմ, գիշերային երազներե բոլորովին զրկված եմ։