Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՅԱՆ ԲԻԾԸ

Ընթերցո՛ղ, թատրոնը կը սիրեմ, բայց չգիտեմ որ թատրոնն ալ զիս կը սիրե՞ մի։

Բնականաբար մարդս իր սիրած առարկային վրա քիչ մը շատկեկ կը խոսի. օրինակի համար, սիրահարք իրենց սիրուհիներուն վրա, թատրոնապետը հանդիսականաց վրա, քահանաները մեռելոց վրա. Մասիսը իր աշխարհաբարին վրա, Փունջը իր անձին վրա, դերասանք ծափահարությանց վրա։ Եթե ես ալ թատրոնի վրա հաճախ կը խոսիմ, պատճառն այն է, որ կը սիրեմ զինքը։

Չորեքշաբթի գիշեր Օրթագեղի թատրոնին մեջ «Արյան բիծը» անուն թատրերգության ներկայացվելիքը իմանալով միտքս դրի, որ իմ ներկայությամբս սույն երեկույթը պատվելու բարեհաճիմ։

Հաստատամիտ ըլլալով միտքս դրածս ըրի. ելա գացի, աթոռի մը վրա նիստ ըրի և կ՝սպասեի, որ թատերաբեմին դիմակը վեր առնվի։

Վարագույրը դեռ չբացված թատերաբեմին վրայեն սա խոսքերը եղած է կըսեն։

— Ուշ մնացինք, վարագույրը բանանք։

— Կը սխալիք, ուշ չէ, ժամացույցս աղեկ կը քալե։

— Քուկին ժամացույցդ սխալ է։

— է՜յ, ի՞նչ ընենք։ — Ժամանակավ ուշ մնալու ըլլայինք նե ամենևին չէինք խաղար նույն գիշերը։

— Ատիկա չեմ ընդունիր, կուզեմ որ ազդին վրա նշանակված խաղերը ամբողջ տրվին։ — Անանկ է նե բառերը վերցնենք։

— Իմաստը կը կորսվի։ — Չըլլա նե քիչ մը կը կտրենք։

— Խաղը կը մեռնի։ — Գլխեն չպիտի կտրենք ա՜, սանկ քիչ մը կտրենք, քիչ մը արյուն կելնե, արյան բիծ կըլլա կերթա։ — Հայտե նայինք։