Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՓՈԻՆՋ ԵՎ ԴԻՎԱՆԱՊԵՏԸ

Փունջը ինչ որ ըսե, ինչ որ գրե, իրավունք ունի։

Օր մը օրանը խեղճին խոսքը մտիկ ըրած չեն։

Ասկե առաջ Ամասիո վիճակին վրա համառոտ տեղեկություն մը տվեր է եղեր, և դիվանապետ էֆենտիեն խնդրեր է եղեր, որ Վարչության ուշադրությանը մատուցանե։

Չորեքշաբթի ավուր թերթին մեջ Ուրֆայի վիճակին վրա տեղեկություն մը գրեր է, և կըսե, թե Վարչության անդամները և Պատրիարքը թերևս ժամանակ չունենան լրագիր կարդալու, դիվանապետ էֆենտիին պարտքն է զանոնք կարդալ և ժողովոց ուշադրությանը հանձնել։

Շատ իրավունք ունի։

Ի՞նչ է դիվանապետին պաշտոնը։

Լրագիր կարդալ։

Ինչու՞ համար ամսական կառնե․ լրագիր կարդալու համար:

Անանկ է նե ինչու համար Փունջը խոսքը մտիկ չըներ և ասանկ օրերը կը բարկացնե խեղճը։

Ասիկա բացե ի բաց Փունջը խոսել տալու առիթ ըլլալ ըսել է։

Չէ՛, դիվանապետ էֆենտի, չէ՛, Փունջը ձեր գիտցած լրագիրներեն ալ չէ, աղեկ նայե դուն անոր։

Ի՞նչ ըսել է տված հրամանները չկատարել։

Ի՞նչ ըսել է խեղճին վրա խնդալ։

Ալ զբոսանք չմնա՞ց աշխարհիս երեսը։

Դիվանապետ էֆենտի, խելքդ գլուխդ ժողվե, Փունջերը կարդալու համար զատ ամսական կուզես նե ըսե։

Դուն ալ, ո՜վ իմ սիրուն Փունջս, դուն ալ անոնց մի նայիր, անոնք դեռ տղա են, քեզ տեսնելնուն պես խնդալնին կը բռնե կոր։

Դուն շարունակ տուր հրամաններդ, բայց գոնե դիվանապետին ալ ամսական մը կապե, որ թերթերդ կարդա։