Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիտեմ, պարոն Շնական առանց մեռած ըլլալու, թե մեռնելը գեշ բան է, մանավանդ Շնականի մը համար, որ մարդոց խեղճությունը մոռցնելու պաշտոնն ունի զանոնք խնդացնելով։

Սակայն կրնաք մխիթարվիլ ասոր համար, որ ասկեց վերջը մտմտուք չունիք, ձեռագիրդ քիչ է եկեր, թուղթը բարակ է եղեր, լրագիրը ուշ հրատարակվեր է եղեր, առնող չէ եղեր, ո՜հ պարոն Շնական, եթե ողջ ըլլայիր այս հոգերը պիտի ունենայիր։

Մխիթարվե՛, պարոն Շնական։

Ձեզի հաճո ըլլալու համար, ձեր մահվան կը նվիրեմ կյանքերնուդ մեջ ամենեն ավելի սիրածնիդ, այն է մեր նվաստության քիթը, որ ձեր ուզածին չափ թեպետ և մեծ չէ:

Հաճեցեք տեր, ընդունիլ իմ խորին հարգանացս քիթը։

Որով մնամ
Սգավոր
Մեղու


ՕՐԱԳԻՐ

Օրագիրեն աղեկը չկա. տաքուկ սենյակը գտեր նստեր է։

Տարվան մեկ քառորդը առանց խոսելու կանցունե։

Մեղուն անցյալները հանգանակության մը ծանուցումն ըրած ըլլալով՝ կը հուսա, որ մինչև այսօր Օրագրի ձեռքը մեծկակ գումար մը անցած պիտի ըլլա. բայց նվիրատվաց ցուցակը չհրատարակվեցավ, որ իմանայինք, թե արդյոք մեր հուսացածին չափ ստակ ձեռք բերա՞ծ է Օրագիր, և թե կեսը կրնա՞ Մեղուին տալ։

Թե որ գոհացուցիչ գումար մը գոյացած է, կը խրատենք Օրագիրն, որ ելնելուն պես, իրեք ամսվան համար դարձյալ գոցվի։

Ասանկ բաները ինք մենե աղեկ գիտե յա։

Իսկ թե որ ընդհակառակն՝ նվերներն իրեն պես պզտիկ են նե՝ և իրեն պես ամեն օր չեն երևար կոր նե՝ քիչ մալ թող համբերե։

Թե որ հասարակությունը ստակ տա, պիտի ըսվի, թե՝ հայերը չխոսող լրագիրները խոսողներեն ավելի կը սիրեն. թե որ չտա պիտի ըսվի, թե՝ հայերը այն ատեն կը սիրեն լրագիրները երբ կը խոսին։

Հայտնի է, որ կողմ ալ դառնալու ըլլանք մեյմեկ բան պիտի ըսեն. բայց որ կողմ ալ դառնալու ըլլանք՝ լրագիրք քաջալերվելու են։