Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԻՑՈԻՄ

<5>

Ծնունդի առտուն եկեղեցի գացող պարոններուն և օրիորդներուն հատկապես կը ծանուցվի, որ եկեղեցիեն ելած ատեննին ուշադրություն ընեն և սխալմամբ ուրիշին ոտքին ամանները չհագնին։


ՎՐԻՊԱԿ

<2>

Մեր լրաբերը պատիվ ունի ծանուցանել, որ Մեղուի թերթերուն մեկուն մեջ հրատարակված «Հելվաճիին լապտերը» անունով հոդվածին վերջին անցքերը ուրիշի մը կը վերաբերին և ոչ թե հելվայի տեղ լապտերն առնող մեր բարեկամին։

Մեղուի նախորդ թվույն մեջ «Կաթողիկոսական խնդիրր հանձնաժողովի մը հանձնվեցավ», ըսվելու տեղ սխալմամբ Սահմանադրության վերաքննությունը հանձնաժողովի մը հանձնվեցավ, ըսվեր Է:


ԱԶԴ

<2>

Լրագրաց դադարման վրա աղվոր հոդված մը դրած ենք ուզողը կրնա լրագրույս գրասենյակը հրամմել ու կարդալ։


ՆՈՐ ՏԱՐԻ ՆՈՐ ԽՆԴԻՐ

Գործերնիս հիմա կարգը մտավ։ Պատրիարքնիս ալ քորթեզանության սկսեր է եղեր։

Ես լսեցի նե՝ շիտակը զարմացա. ավելի անոր համար զարմացա, որ Սահմանադրության մեջ չեմ կարդացեր անանկ հոդված մը, որ Պատրիարքի քորթեզանությունը տրամադրե։ Թե որ նորին սրբազնությունը շրջանակեն դուրս գտավ նե այս հոդվածը, ըսելիք չունինք։

Կուզեմ գիտնալ, թե՝ նորին սրբազնության սիրուհին աղվո՞ր է, մատղա՞շ է, սև աչվի՞ է, չէ նե կապույտ, բայց ուսկի՞ց սորվելու է ասոնք։

Ասանկ լուր մը հնարողին մայրն ու հայրն ընդհանրապես անծանոթ կ՚ըլլան. ուստի կը խնդրենք Քաղաքական ժողովին, որ այս զրպարտության հեղինակը գտնա։ Նորին սրբազնության սիրուհին մեզ ալ ծանոթացնե։