Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկսյալ իր անունը Կոստանդ եղավ, և թե բոլոր ուժովը կը բողոքե Քոսթի անունին դեմ։


ԵՐԱԶԻ ՄԵՋ ԴՐՎԱԾ ՀՈԴՎԱԾ ՄԸ

Ասկե քանի մը շաբաթ առաջ, Մեղու հոդվածի մը մեջ երազ մը գրած էր․ այս գիշեր ալ երազին մեջ հոդված մը գրեց։

Երազնուս մեջ տեսածնիս և լսածնիս գրելու ազատ ըլլալով հիշյալ հոդվածը հոս ալ կը դնենք։


ԼՐԱԳՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ

Հոդված Ա. Բոլոր լրագիրները դադրեցնել։

Հոդված Բ․ Խմբագիրներն ալ անոթության վարժեցնել։

Հոդված Գ. Աչքերու համար տեսչություն մը դնել, որպեսզի անիրավություն մը տեսնելուն պես զանոնք տեսնելե դադրեցնե։

Հոդված Դ. Լրագիր մը իր ուզածը ամենայն ազատությամբ կրնա խորհիլ, բայց չկրնար խոսիլ։

Հոդված Ե․ Լրագիր մը իր խմբագրին վրա կրնա հարձակիլ։

Մնացած հոդվածները լրագրական տեսչության դեմ ըլլալնուն համար ավրած ենք։