Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ԽՆԴԻՐ

Ազգային քաղաքականությունը շաբաթե միվեր կնկան կերպարանք առավ։

Ժողովրդասեր երևնալու համար սրբազան Պատրիարքն անոր ասոր քով անխնա բամբասող ազգասերները տեսնելով, որ մինչև հիմա ի գործ դրած միջոցնին բավական չեղան Պատրիարքը գահ ընկեց ընելու, այս օրերս զրպարտության դուռը ափ կառնեն, անկե օգնություն կը մուրան, և նորին սրբազնությունը մրոտելու, ժողովուրդը գայթակղեցնելու սին հույսով անցյալ շաբթու Մայր եկեղեցվո գանձանակին մեջ Պատրիարքի վրա լի զրպարտությամբ երկու նամակ ձգել կուտան։

Այս անամոթ հանդգնությունը ժողովրդյան զայրույթը շարժեց։ Մեղու զայրույթ չունենալով՝ անոր ալ ծաղրը շարժեց։

Այս նամակը տանողը կամ ապուշին մեկն է, որ գանձանակը փոսթ Լոքալի նամակատուփւ կարծեր է և կամ աչքը բաց մեկն է, որ տարած նամակին ստակ մը չարժիլը գիտնալով իր քառասուն փարան մեղքցեր է։

Ով որ է այս անձը՝ պետք է, որ անձամբ Պատրիարքին տաներ այդ նամակը և ոչ թե նամակատուփին մեջ ձգելու էր, մեյ մալ այս սխալմունքի մեջ չիյնալու համար հիմակվնե կը խրատենք զինք, որ եթե երբեք օր մը այդ սիրուհին գտնա՝ չըլլա որ խեղճ կնիկն ալ գանձանակին մեջ ձգե, այլ ձեռքեն բռնելով Պատրիարքարան տանելու է իբր ապացույց իր ըսածին։

Ըստ մեզ, այս վատությունները փոխանակ նորին սրբազնությունը գահեն վար նետելու՝ ավելի ևս կը հաստատեն հոն։

Պատրիարք փոխելու համար այս միջոցներուն դիմելը անօգուտ է. արդեն նորին սրբազնությունը օր մը զոհ պիտի երթա արդի քաղաքական ժողովո անխոհեմ ընթացիր, հաջորդ Պատրիարքն ալ