Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՂՈՒ ԱՌ Պ. Ե. է․

Օրթագյուղ

Ընկալա ձեր նամակը։

Մեղուի վերջին թվույն մեջ հրատարակյալ պատկերին մեջ նախատինք տեսնել երևակայելնուդ համար բաժանորդագրութենե դադրած ըլլալնիդ կիմացնեք։

Տեր այդ նամակը զարմացուր զիս պարոն։ Կըսեք, թե նախատինք տեսեր եք, բայց այդ պատկերին մեջ նախատինք չկա, ձեր տեսածն ի՞նչ է արդյոք։

Արդարև գիտեի, որ կան աչքեր՝ որք կարճ կը տեսնեն, գիտեի, որ կան աչքեր, որ ծուռ կը տեսնեն, բայց կյանքիս մեջ երբեք չէի լսեր, որ կան եղեր աչքեր՝ որք չեղած բան մը կը տեսնեն։ Աս ալ տեսակ մը աչքի հիվանդություն է եղեր, և բնավ չէի ուզեր, որ այս հիվանդութենեն բռնվի ձեզի պես երիտասարդ մը։

Աչքի հիվանդություն ունիք պարոն, ինքզինքնիդ բժշկի մը ցցուցեք, կաղաչեմ, անփույթ չգտնվիք այս մասին, որովհետև երբ այսպես ուրիշներուն չտեսածը դուք միայն տեսնեք՝ ամեն մարդ կը կասկածի ձեր վրա և ան ու աս կսկսի ըսել, թե՝ պարոն էմմանուել Եսայանի աչքին ուրվականներ երևնալ սկսեր են։

Տոքթոր Ֆիշերին դիմեցեք, պարոն, իմ կողմես հատկապես բարև ըրեք իրեն և ըսեք, թե քովը դեռ ապակի կա նե՝ ակնոց մալ ձեզի համար հնարե, ձեր աչքերը բժշկե և լրագրաց մեջ իր վրա թափված գովեստները կատարելագործե։

Եվ ի՞նչ էր պատկերին նպատակը, ամենապարզ բան մը.— Վատ մը, որ Պատրիարք հոր դեմ սիրո խնդիր կը հարուցանե։ Եվ երբ մեկը սերը անձնավորել ուզե՝ ի՞նչ կերպարանքով ներկայացնելու է գայլն մեծապատիվ ողբերգակ, ոչխարի՞ կերպարանքով, թե գայլի, ձիո՞ւ կերպարանքով, թե իշու․ ափսո՜ս, որ Ապողոնի քնարը գողնալու համար քանի մը անդամներ թեթևությամբ Ողիմպիոսի գագաթը թռար, գոնե հո՞ն ալ չտեսար Աստղիկը և մուսանե-