Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՌԱՋԱԲԱՆ

Շատ իմաստությամբ կըսե Սողոմոն իմաստունը, թե քուի բարսիթ վիրթաե Օտիդ Ֆիլյում սյույում քուի աութեմ տիլիճիթ իլլյումինսթանթեր էրյուտիդ։ Որչափ բառ այնչափ ճշմարտություն կը պարունակեն վերոհիշյալ տողերը, և չկա այսօր մեկը, որ տարակուսի այս խոսքին ճշմարտության վրա։

Ի հաստատություն մեր ըսածին պարտք կը համարենք ի մեջ բերել սպանիացոց այն առածը, որ կըսե. քոնսեժո տե քեն պիեն թե քերե անքըե թե բարեսքա մալե ըսքրիվե լո. այսինքն, թե անքըե թե բարեսքա մալե. ըսել կուզե, որ մի մոռնար օքրիվե լո ընելու, զոր ալմանյացիները չորս բառի մեջ ամփոփելով կըսեն, ֆրեոնդիս ըսշլաեժե, լիեպե ըսշլաեժե կամ լիեպե ըսշլաեժե, ֆրեոնդիս ըսշըլաեժե։

Կարծեմ կրցինք մեր միտքը բացատրել, և մեր ընթերցողներն անշուշտ գուշակեցին, եթե չհասկցան, մեր միտքը, որ ըսել կուզե. այն հարվածը, որ բարեկամի կողմեն կուգա սիրով ընդունե։ Այս ճշմարտությունը իբր հիմ դնելեն վերջը կսկսինք անոր վրա շինել մեր շենքը։

Ինչպես որ օդը ցրտելուն պես ժողովները դռնափակ նիստ կընեն ժողովուրդը չհուզելու համար, կամ եթե հուզված է, հանդարտեցնելու համար, աքսպես ալ Մեղու իր սենյակին մեջ երկու ածիս դռնփակ նիստ ըրավ։ Եվ որովհետև այս նիստին նպատակը ինչպես ըսինք, ժողովուրդը չհուզել էր, ժողովրդյան բարվույն համար էր, կը պարտավորվինք մեր խորին շնորհակալությունները հայտնել այն լեզվին, որ էսեֆ ընելով բարեհաճեցավ երկամսյա դադարմամբ մեր նվաստությունը պատվելու։

Ժամանակը Մեղուի դադարման պայմանաժամը կուլ տալով այսօր կուգա բերաննիս բանալու։ Աստված թշնամիիս բերանը չգոցե։