Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դա։ Սիրելու համար մի՛ հոգնիք, ազատ թող տվեք ձեր սիրտը, ան իրեն սիրտ մը գտնալուն պես, իսկույն սերը երկու այլասեռ երիտասարդի սիրտեն սիրտ թռչտելով, փափուկ թելերով զանոնք իրարու կը կապե, կը մեկնի կերթա: Սիրեցե՛ք, Մեղուն հայերեն սիրեցեք ըսավ, հիմա դարձյալ կը կրկնե և կըսե՝ հայերեն համբուրեցե՛ք զիրար, ժամանակը հայերեն չհասկնար, մի՛ վախնաք, սուրբ սիրով զիրար գրկեցեք և թող թառամյալ ժամանակը սիրո քովեն բերնին ջուրերը վազելով, բարկութենեն ճաթելով անցնի։

Ականջնիդ դեպի հայրենիք դարձուցե՛ք, անոր հառաջանաց ունկնդիր եղեք, ձեր եղբարցը օգնեցե՛ք. ընկերություններ կազմեցե՛ք, թանգարաններ հաստատեցե՛ք, ուսմունք տարածեցե՛ք, լրագիրներ կարդացե՛ք և ազգությունը հառաջադեմ ազգաց կարգը անցընելու աշխատեցե՛ք, հաստատամիտ եղեք, ուրիշ բան պետք չէ. այնքան հաստատամիտ՝ որ փոփոխամիտ ժամանակը ձեր հաստատամտությանը քովեն ահաբեկ և ամոթահար անցնի։

Այսպես ըրե՛ք, ուրիշ բան մի խորհիք. ձեր ձեռքովը ազգին ապագայն պիտի ապահովեր և այն ատեն ուրախ դեմքով, գոհ սրտով հրճվանոք զիրար գրկելով, մեր ուրախության աղաղակները երկինք բարձրացունելով ամենքնիս մեկեն պոռանք, թող ժամանակը միշտ այսպես անցնի։