Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՊԱ ՄՈՌՑԱ՜Ն

Ընդհանուր ժողովո մեջ, երբ սրբազան Պատրիարքին հարցվեր է, թե՝ ինչո՛ւ չէ գործադրեր նախորդ Ազգային ժողովո՝ Աղթամարա խնդրույն՝ լուծմանը համար տված որոշումը, Պատրիարքը պատասխաներ է մոռցա:

Օրագիր չուզեր հավտալ, որ սրբազան Պատրիարքը մոռցած ըլլա, և փաստեր հառաջ բերելով կըսե, թե՝ Խաչատուր սրբազան ամեն օր Պատրիարքարանի մեջ սրբազան Պատրիարքին դեմի սենեակը նստած է և ամեն օր զիրար կը տեսնեն և այլն։

Օրագիր կամ հիշողության վրա գաղափար չունի, կամ հիշողություն չունի։

Հիշողությունը մարդուս կամքեն կախյալ է, ուզածս կը հիշեմ, ուզածս կը մոռնամ, և ոչ ոք կրնա իմ հիշելու իրավունքիս վրա բռնանալու։

Ես կը հավատամ, որ Պատրիարքը մոռցած է, և թե որ Խաչատուր սրբազանն ալ մոռցված չըլլար, ինչո՛ւ վեց յոթը տարի սենյակի մը մեջ գոցված պիտի մնար։

Ժամանակավ Պատրիարք մը կա եղեր։ Այս Պատրիարքը փոխանորդ մալ ունի եղեր, հիմակվան փոխանորդին շատ կը նմանի եղեր, անանկ որ տեսնողը հիմակվանը կը կարծե եղեր։

Այս Պատրիարքը օր մը գրություն մը ստորագրելու միջոցին, աճապարանոք փոխանորդը կանչել կուտա և կը հարցնե․

— Ի՛նչ է։

— Ի՛նչը ի՛նչ է։

— Մոռցա, հա՛, անունս ի՞նչ է։

— Տեր ողորմյա, կըսե փոխանորդը, և Պատրիարքն ալ կստորագրե, «Պատրիարք Կոստանդնուպոլսո տեր ողորմյա արքեպիսկոպոս»։