Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԻՍ

Աղթամար նստեցնելու համար կաթողիկոս մը փնտրած ատեննիս, Մկրտիչ կաթողիկոսը նստեցնելու համար ալ քաղաք մը փնտրելու է։

Գործը մեկ էր, եղավ երկու։

Ազգը այս մասին ալ անփորձ գտնվեցավ, բնավ չխորհեցավ, թե՝ մենք այս անձը Սոս կաթողիկոս ըրինք ամա, Սսո կլիման պիտի հարմարի՞ նորին վեհափառության կլիմային։ Սոս աթոռին էջմիածնա աթոռին հետ ունենալիք հարաբերության ծրագիրը հաստատելեն առաջ, Սոս կլիմային Սոս աթոռին հետ ունեցած հարաբերության վրա խորհելու է եղեր։

Բայց հանցանքը կլիմային է. թե որ կլիման օր առաջ իմացներ, թե՝ Մկրտիչ կաթողիկոսին աղեկ չեմ գար ես, ազգն ալ ան ատեն կը խորհեր և որ եպիսկոպոսը Սոս կլիմային աղեկ գար նե՝ անիկա կաթողիկոս կըներ։ Կլիմային ըրածը պարզապես խարդախություն է։

Բան մը կուգա միտքերնիս, այն է, թե՝ էջմիածնա վեհափառը երկու հոգի ուզեր էր անցյալները, մին կրոնավոր և մյուսը աշխարհական. Մկրտիչ կաթողիկոսը ղրկենք նե՝ ի՞նչպես կըլլա, արդեն Սոս կլիման ալ կը վնասե եղեր իրեն, թող երթա էջմիածին և անձամբ խոսի վեհափառին հետ, թերևս վերադարձին կլիմային հետ կը հաշտվի։

Բայց գործը այսչափով չլմննար։ Մկրտիչ կաթողիկոսը կուզե եղեր, որ տերութենեն երկու հազար ղուրուշ ամսական կապվի իրեն, և շատ հավանական է, որ այս ամսականը կապվի նե՝ Սոս կլիման ան ատեն աղեկ պիտի գա նորին վեհափառության։

Խոստովանիմ և հավատամ, ոսկին զարմանալի հատկություններ ունի, դժոխոց իսկ օդը կրնա մաքրել։