Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԱՍՆՈՑ ԴԵՄ ՀԱՁԱԿՈԻՄ

Երբ կը տեսնենք, որ անասուն մը անասունե մը կը նախատվի, կամ ծեծ կուտե հանիրավի, ամենուս ալ գութը կը շարժի։ Ասիկա Մանզումեի ըսածին պես շեմս կիպի աշիքյար ճշմարտություն մէ։ Ուստի, ո՞րչափ ավելի կարեկցության արժանի ըլլալու են անասունները, երբ տեսնեն, որ խմբագիր մը իր գրիչովը բոլոր անասունները մեկեն կանպատվե։

Անոր համար ավելի կարեկցության արժանի են, որ անասունները մեզի պես լրագիր չունենալնուն՝ իրենց դեմ գրված հոդվածներուն չեն կրնար պատասխան տալ, մինչդեռ զիրենք լափեն ավելի ծեծելու ըլլան նե՝ անոնք ալ կամ խածնելով և կամ կից տալով զիրենք կրնան պաշտպանել։

Մանզումե՝ Լեվընթ Հերըլտեն թարգմանելով, անցյալ շաբթու հոդվածիկ մը հրատարակած էր, որուն մեջ կըսեր, թե հացագործները հացի մեջ գարի կը խառնեն եղեր, և ասանկով մարդոց պատվույն կը դիպչին եղեր, անասնոց հավասար ընելով զանոնք։

Ի՞նչ անիրավություն տասնևիններորդ դարու մեջ..․ հեմ խեղճերուն սնունդը կառնենք կուտենք, հեմ ալ կանպատվենք։ Ճշմարտությունը փնտրենք նե՝ անասունները մեզի դեմ բողոք բառնալու են ըսելով, թե ինչո՞ւ համար մեր գարին կուտեք կոր, և մեր սնունդեն մեզ կը զրկեք կոր, ի՞նչ կ՛ուզեր մեր գարիեն, մենք օր մը օրանց ձեր գարեջուրեն կը խմե՞նք կոր։

Բայց, ինչպես ըսինք, անոնք լրագիր չունին, որ ըսեն և մարդիկ այս լռութենեն օգուտ քաղելով երբեմն երբեմն կը հարվածեն զանոնք։

Եթե անասունները սնունդով մարդոց վիճակը կը բարձրանան, կամ մարդիկ անոնց վիճակը կիջնան, խմելու ջուր ալ տալու չէ իրենց, որովհետև մարդիկ ալ ջուր կը խմեն։