Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

<1>

— Փարիզի զսպյալ ապստամբները տեսնելով, որ Փարիզի արքեպիսկոպոսը և Մատըլենի ավագերեցը չափե դուրս բարձր հասակ մունին, զանոնք քիչ մը կարճեցնելով ձևավոր ընելու համար գլուխնին կտրեր են եղեր։

— Վառնայեն կը գրեն, որ արժանապատիվ Ամբրոսեոս վարդապետի Պրուսա երթալը մեծ ազդեցություն ըրեր Է տեղվույն ժողովրդյան. երկյուղ կա, որ Պրուսայի այս Բարթուղիմեոսական խնդիրք պիտի լմննա և Պրուսայաբնակ ազգայինները պիտի հանդարտին։ Ուստի, խնդրո վերջ չտալու համար ազդու միջոցներուն ձեռք առնվիլը բերկրությամբ կիմացնենք։

— Տրապիզոնեն կը գրեն, որ անցյալ շաբաթ Ադրիանուպոլսո Մարիցան սահմանեն դուրս հարձակելով իր հեղուկ թագավորությունը բավական ընդարձակեր Է, շատ մը խանութներու, տուներու մեջ կմտեր, զանոնք նվաճեր և բավական ծառեր գերի Է բռներ կես մեջքեն:

— Լեֆթեր ավազակապետի նպար տալու ամբաստանության տակ բանտարկյալ երեք հայ թշվառներու ազատության համար գերապատիվ Ներսես Սրբազանի տրված գովեստներուն մեծապատիվ Սերվիչեն Էֆենտիի վերաբերիլը Նիկոմիդիայեն կը գրեն։