Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԱԿԱՌԻ ԽՆԴԻՐԸ

Հունաց Պատրիարքարանեն այս շաբթու մեր Պատրիարքարանը եկած պաշտոնական գիրերը կը հայտնեն, որ կրկնամուսնությունը և կրկնամկրտությունը վերցված ըլլալով ամեն հայ ազատ է ուզած ատեն հույն կրոնքն ընդունիլ։

Ահա հույն ըլլալու բարեպատեհ առիթ մը ամեն անոնց, որը տակառի մեջ մտնալու կը վախնային։

Ըսել է, որ ասկե վերջը Հունաց կրոնքը ընդունիլ ուզող հայր միայն անունը պիտի փոխե։

Օրինակի համար, թե որ Մամուլը հույն ըլլալ ուզե՝ Գեորգիոս Այվազոբուլոս պիտի ըսվի։

Քանի որ կրոնքի մասին ուրիշ տարբերոլթյուն մը չունինք մեզերնիս, ամեն հայ ազատ է ուզած ժամանակը առանց հունաց կրոնավորաց դիմելու անունը հունարենի թարգմանելով հույն ըլլալ։

Մասիս այս լուրը տալեն ետքը կըսե, «Արդարության պարտք մէ ըսել, թե այս հաջող արդյունքը՝ պատրիարքական փոխանորդ գերապատիվ տեր Մկրյանի քաջության հետևանքն է, զոր այնչափ քաշքշեցին ու խծբծեցին ոմանք»։

Չգիտենք ով են Մասիսի հիշած քաշքշող ու խծբծողները, ու գիտնալ ալ չենք ուզեր, միայն մեր կարծիքը հայտնած ըլլալու համար կըսենք, թե՛ Մեղու որևէ գործ իր հետևանքեն չդատեր։

Շատ անգամ կանոնավոր բռնված գործ մը ձախող հետևանք կունենա, բայց այդ գործը միշտ գովելի է. երբեմն ալ անկանոն բռնված գործ մը հաջող հետևանք կունենա, բայց այդ գործը գովելի չէ, առաջինին մեջ տաղանդ կա, իսկ երկրորդին մեջ բախտ, հետևապես տաղանդին գովեստը տաղանդին ընելու է՝ բախտինն ալ բախտին։

Մասիս հոս բախտին իրավունքը կը հափշտակե Մկրյանի կուտա։