Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ

Սրբազան Պատրիարքի անկման լուրերուն վրա եպիսկոպոսները սկսան առտուները ուշ արթննալ։

Ուշ արթննալուն պատճառը սա է, որ ասոնք գիշերները գեշ երազներ տեսնելով՝ վախով կարթննան ու քուներնին կը փախչի եղեր։

Եպիսկոպոսին մեկը իր երազին մեջ, որուն ես ալ ներկա էի, սիրամարգի կերպարանափոխվելով թռչտած ատենը՝ արծիվե մը կտուցի հարված մը կընդունի, գլխիվայր գետինը կիյնա և ակնոցը կը կոտրի։


Սուրբ քաղաքեն ամեն օր հեռագիրներ կուգան մայրաքաղաքս։

Լատինաց կողմե եկած լուրերը կըսեն, թե հույնք լատինաց վրա հարձակեր են, հունաց կողմե եկած լուրերն ալ կըսեն, թե՝ լատինք հունաց վրա հարձակեր են։

Ավելորդ է ըսեր որ ասոնց երկուքեն մեկը սուտ է։

Սուրբ քաղաքեն ասանկ սուտ գալու ըլլա նե՝ ալ երևակայե, թե՝ մյուս քաղաքներեն եկած լուրերը ո՜րչափ ճշմարիտ են։

Ասոնց ո՛րը ճշմարիտ ըլլալն հասկնալու համար կը խրատեմք մեր ընթերցողները, որ Երուսաղեմ երթան և իրենց աչքովը տեսնան։


Այս օրերս Բարիզի հիվանգանոցներեն մեկուն մեջ մարդ մը կա, որ երեք ոտք ունի եղեր։

Կրոնական ժողովո կաղ ըլլալեն կը մակաբերվի, որ այդ ավելորդ ոտքը Կրոնական ժողովույն է։