Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե երթալու միտք չուներ՝ ինչո՞ւ ընտրություններուն մահանա կը գտնե։

— Պատճառը սա է, որ Խորեն եպիսկոպոսը կզբոսնու։

Բայց նորին սրբազնությունը չուզելով իզմիրցոց աչքեն ելնել, անանկ ցույց տվավ, որ իբր թե ինք կուզե երթալ, բայց պեշիկթաշցիք զինք չեն թողուր, և այս վարպետությունը գործադրելով իր նամակակիցներուն գրեց, որ այսուհետև իր նամակները և թերթերը Իզմիր ղրկվին։

Աս ընելեն վերջը Պեշիկթաշ եկեղեցվույն մեջ քարոզ մը խոսեցավ, որում, ինչպես կըսե Փող, Պեշիկթաշեն բաժնվելով Իզմիր երթալու համար եղած ընտրության մասին զգացած ցավը հայտնեց. Աս ալ ընելեն վերջը, անոր ասոր տունը երթալով՝

— Ես փառք չեմ ուզեր, իմ տեղս հոս աղեկ Է, ես քանի մը տարի ալ հոս մնալեն վերջը Երուսաղեմա վանքը պիտի քաշվիմ և այլն խոսքերով աս ու ան համոզեց, հրավիրակներուն ալ դառնալով չեն թողուր, որ գամ ըսավ։

— Ինչո՞ւ ասանկ կընե.

Պատճառը ըսի, որովհետև եպիսկոպոսը կզբոսնու։

Ասոնցմե զատ կսկսի պատվավոր ընտանյաց քով սրբազան Պատրիարքը վար զարնել այնպիսի խոսքերով, որ լսողին զզվանք կը պատճառե։

Օրինակի համար.

— Չեմ ուզեր ըսել (միշտ շեմ ուզեր ըսել ըսելով ամեն բան կըսե), առաջին օրը Պատրիարքը մեկ պատվավոր տուն մը այցելության եկած Էր, տեսա, որ ձեռքերը լվացած ատեն էնթարին թրջած էր և այլն խոսքերով, իր ուզածը, եզվիթներու նման, կանանց ձեռքով ընել տալու համար, ինչպես կըսե Փող, ամեն միջոցներու կը դիմե, միամիտները կը խաբե և այսօրվան օրս լսածնուս նայելով թե՛ Պեշիկթաշ և թե այլուր իրեն պաշտպաններ ալ կան եղեր...

Չգիտենք, թե նորին սրբազնությունը միշտ եպիսկոպոսաց մեջ իբրև բացառությո՞ւն պիտի բռնվի, և Պատրիարքարանը թող պիտի տա, որ գավառացիները ասանկ խաղալիք ըլլան եպիսկոպոսի մը ձեռքը։

Չգիտենք նաև, թե Խորեն եպիսկոպոսի մեկ քանի պաշտպանները պիտի կարմրի՞ն այս տողերը կարդալով, չգիտենք նաև, թե՝ Խորեն եպիսկոպոսը չկրնալով պաշտպանել լուռ կեցող Օրագիրը պիտի կրնա՞ յուր լռությունը շարունակել, առանց գավառաց իրա-