Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տյարք, իմ կարծիքս այն է, թե՝ այս քիթը մորթի քանսեր հիվանդությունն ունի, գործողություն պետք է։ Բնավ խնայել պետք չէ քթին, դանակի դիմելու է և հիվանդ մասունքները արմատախլելու է օբոթլասթիքեն սկսելով։ Բայց, թե որ այս քիթը ապստամբի, ան ատեն խաբիչ դեղերու դիմելու է, որոց մեջ բաթարսենիքալը պատվավոր կը համարիմ. եթե դարձյալ ապստամբի՝ բոլորովին կտրելու է թշվառականը։

— Տեր բժիշկ, իմ գաղափարս է, թե՝ այս քիթը կը փտի, թե որ զորավոր դարման մը ընելու ջանքը զլացվի։ Ես կառաջարկեմ, որ կրակ դարձած երկաթով էրենք, և երկաթն, քինքինան ու պառեժի պանյոները գործածենք։

— Ես կըսեմ, թե վեն առոմաթիքով լվանք, զի մի՛ գուցե Հալեպի ուռ մը ըլլա։

— Իմ ալ գաղափարս սա է, որ Իոտուռ տը բոթասիում գործածելու է։

— Ես այս քիթը քննած ատենս մինչև քթին ոսկորը փողաձև ծակ մը գտա։ Իմ գաղափարս է վերքը ընդարձակորեն բանալ, հիվանդ ոսկորը փնտրելով գտնալ (ոստիկանության միջոցավ անշուշտ) բայց կը վախնամ, որ կարծր մասը արմատախլելով ստորին արտևանունքին ներքևը կը վնասվի։

Այս խորհրդակցութենեն ետքը բարեկամս ու քիթը ներս կը կանչեն. որոնք ամենայն հնազանդությամբ կը մտնեն։

— Պարոն, այս քիթը ձե՞րն է, կը հարցնե բժիկներեն մին։

— Աստված պահե նե՝ մեր նվաստությանն է։

— Մենք որոշեցինք, որ այն քիթը էրենք կամ կտրենք։

— Ի՞նչ կըսեք, տեր բժիշկ, իմ քիթես զիս բաժնե՞լ կ՛ուզեր, իմ քիթս ի՞նչ ըրած ունի ձեզի կաղաչեմ, խնայեցե՛ք, դուք ալ քիթ ունիք, և գիտեք անշուշտ, թե՝ որչափ ծանը է քիթե մը բաժնվիլը։

— Մեր որոշումը որոշում է, ձեր քթին կամ կրակ կամ դանակ պետք է։

— Կաղաչեմ, ըսեք ինձի, կտրելեն ետքը՞ պիտի էրեք, չէ նե՝ էրելեն վերջը պիտի կտրեք։

— Ատիկա մեր գիտնալու բանն է, և ձեր քիթը բնավ իրավունք չունի ասոնք հասկնալու։

— Հապա ցավը ի՞նչ ընենք։

— Ուհ, վախկո՜տ, քեզի չպիտի կտրենք ա՛, քիթդ պիտի կտրենք, ցավի նե՝ քիթդ պիտի ցավի քեզի ի՞նչ.․․

Այս սրտաճմլիկ խոսքերուն վրա բարեկամս քթին պլլվեցավ,