Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քիթը բարեկամիս սիրտը արտասվոք թրջեց։ Օր աղետաբեր.․․

— Հեմ քիթդ ցավ չզգա տեյի, մենք քեզի պիտի քնացնենք անանկ պիտի կտրենք քիթդ։

— Աղեկ ա՜, գիշերը քնացած ատենս եկե՜ք կտրեցե՛ք, ի՞նչ հարկ կա զիս քնացնելու։

— Չէ՜, չէ՛, ես կ՝ուզեմ, որ աշակերտներս ալ սորվին, իրենց ներկայոլթյանը պիտի կտրեմ ես այդ քիթը։

— Ո՜վ Աստվածք, գոչեց բարեկամս, այլ այլմե եղած, եթե ետ պիտի ուզեիք, ինչո՞ւ տվիք ինձի այս քիթը, ի՞նչու ուրեմն զինք այն չափ մեծցուցի, ինչո՞ւ տղու մը պես տվածնիդ կառնեք, և ինչո՞ւ Օրագրի պես առածնիդ չեք տար։

— Բա՜վ է պարոն, մեր ժամանակը սուղ Է, եկո՛ւր կտրենք, կամ չէ նե՝ առ քիթդ ու կորսվե։

Քիթը զայրույթ զգաց այս վանողական խոսքեն, առավ բարեկամս և սկսան երթալ հույսերնին կտրած։

Բայց բախտը կուզեր վերջ տալ ասոնց թշվառությանը. ուստի, բժիշկ մը հանեց ասոնց դեմը, բժիշկ մը, որ բնավ համբավ չուներ։

Այս բժիշկը քիթը քննելեն ու զննելեն ետքը դեղ մը կուտա և չորս օրեն եկո՛ւր կ՝ըսե։

Չերկարենք խոսքերնիս։

Չորս օրեն գացած ատենը քիթը ինչ վիճակի մեջ ըլլա նե՝ աղեկ, բոլորովին բժշկված ըստ վկայության քթին տիրոջը։

Սիրտ ա՜ռ ուրեմն ո՜վ քիթ, հաղթեցիր թշնամյացդ, բժիշկներն հեռանալով բժշկվեցար, այլ հաղթեցիր և դրոշդ բացիր, о՜ն, ուրեմն քաջալերվե՛, հառաջ քալե, մի՜ ձախ մի՜ աջ, ցույց տուր ինքզինքդ բոլոր քիթերու։

Փափագելով, որ վերքդ նոր չբացվի և սա բժիշկները պզտիկ իյնան,

Կաղաչեմ, հաճեցեք ընդունիլ նաև իմ քթիս խորին

հարգանաց հավաստիքը։