Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոլոր կրոնականները (բացի Կրօնական ժողովեն) կը պատասխանեն, թե կրոնքը պատվելնուս համար է, որ այդ ինչ կրոնավորը անպատվեցինք։

Զվարճախոս թերթ մալ այս պատասխաեր պիտի տա, որովհետև եթե կրոնի մասին անտարբեր ըլլար Կրոնական ժողովո պես, զանոնք չպիտի ծաղրեր, չպիտի հարվածեր հրապարակավ, և ասոնք չընելովն կրոնքը պիտի անպատվեր, թո՞ղ պիտի տար, որ անբարոյական եկեղեցականները կրոնքի դիմակով ուզածնին ընեն։

Կրոնական ժողովը պետք է գիտնա, որ մենք իրմե ավելի կրոնի նախանձախնդիր ըլլալնուս համար է, որ անարժան եկեղեցականները կը ծաղրենք, եթե Կրոնական ժողովը իր պաշտոնին հավատարմաբար ծառայեր, թերևս անբարոյականությունը այսչափ առաջ չէր երթար կրոնականաց մեջ։

Ցավ է մեզ ըսել, թե՛ Կրօնականը զաշխարհ ականս հովվելու տեղ աշխարհականը զկրոնականս հովվելու ստիպված են այսօր։

Լսե՜ ժողովուրդ։

Դեռ տարի մը չկա Եղնիկ վարդապետ Նարլը-խաբու համեստության դեմ հանցանք մը գործեց, եթե այս ընողը աշխարհական մը ըլլար՝ պատժական օրինաց 200-րդ հոդվածին համեմատ հինգ տարիեն պակաս չըլլալու պայմանավ ժամանակյա շղթայակապ աշխատությամբ պիտի պատժվեր։

Կրոնի նախանձախնդիր Կրոնական ժողովն այս վարդապետը թեքիրտաղցոց առաջնորդ կարգեց։

Լսե՜ ժողովուրդ և տես.

Դեռ տարի մը չկա Քեոթահյայի առաջնորդ ալևոր գերապատիվ Հովսեփ եպիսկոպոսը իր հարսին հետ հարաբերություն ունենալը նորին սրբազնության նամակեն ստուգվեցավ և լրագրաց մեջ ալ հրատարակվեցավ, եթե այս մարդը աշխարհական ըլլար, պատժական օրինաց 201-րդ հոդվածույն երեք ամսեն երկու տարի բանտարկությամբ և հարյուր մեճիտտիե ոսկի տուգանքով պիտի պատժվեր։

Կրոնի նախանձախնդիր Կրոնական ժողովը զայն իր սիրուհույն քովը դարձուց, և այսօր Քեոթահյայեն նորին սրբազնության դեմ բազմաթիվ ստորագրությամբ մեզ ի հրատարակություն ղրկված հանրագրության մեջ անանկ սրիկայություններ կան զորս մարդ կամչնա կարդալու, թող թե հրատարակելու։

Լսե՜ ժողովուրդ.