Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերա քարոզիչ արժանապատիվ Ամբրոսիոս վարդապետին եղբորր կնկան հետ ունեցած հարաբերությունը՝ այսօր նորին արժանապատվության մորն և քրոջը կողմե ստուգված ըլլալովն հանդերձ, կրոնական ժողովը այդ դատը կերկնցնե և Ամբրոսիոսը արդարացնել կաշխատի։

Լսե՛, Կրոնական ժողով.

Հիմա որերնի՞ս ենք կրոնի ավելի նախանձախնդիր, ե՞ս, որ ասանկ անհամեստ կարգավորներուն դիմակները վար առնելով զանոնք կը ներկայացնեմ, ինչպես որ են, և ժողովուրդը կզգուշացնեմ անոնցմե, թե դուն, որ ասոնք տեսնելովդ աչք կը գոցես և թո՜ղ կուտաս, որ ասոնք դեռ տուները մտնեն, և եկեղացի իջնան պատարագեն։

Ցավոք սրտի կը տեսնես եղեր կրոնականաց վրա գրվածները, և կորոշես, որ ասկե վերջը դրվելու ըլլան նե՝ պատժես. ըսել Է, որ ուրախությամբ սրտի կը տեսնես այս տեսակ կրոնականները, որովհետև զանոնք չպատժելեդ զատ դեռ Հայաստանյայց սուրբ եկեղեցվո ծոցը կը պահես։

Ծռե՜ գլուխդ Կրոնական ժողով, և քու վճիռդ ալ լսե՛։

Ըստ 63-րդ հոդվածույն պատժական օրինաց, սրիկաներու կամ ավազակներու խումբի բնակարան, կամ ապաստանարան տվող անձինք ժամանակյա շղթայակապ աշխատությամբ կը պատժվին։

Արդ, Կրոնական ժողով, կը ցավիմ, որ ձեր տված պատվերը միայն այս հոդվածիս մեջ կրցի պահել. կը փափագեի ձեր ձայնը լսել, բայց ձեր ձայնեն վեր ձայն մալ կա, ձայն Աստուծո, խղճիս ձայնն է, որ կը հրամայե ինձ այս տեսակ կրոնականները ծաղրել։ Ավելի կուզեմ խղճով մեռնիլ, քան թե առանց խղճի ապրիլ։ Եվ եթե չծաղրեմ՝ այն ատեն կրոնքը անպատված կըլլամ, հոն է ինձ համար անկրոնությունը։ Ես պիտի ծաղրեմ այս տեսակ անհամեստ եկեղեցականները, պիտի խայտառակեմ զանոնք ի լուր և ի տես աշխարհի, որպեսզի քրիստոսի հավատարիմ աշակերտներ ըլլան, այս է իմ պաշտոնս, այս է հավատքս, այս է իմ պատասխանս։

Օ՜ն անդր, աճապարե հարկ եղածը տնօրինել։