Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԵՎ ՕՐԱԳԻՐ

Հիվանդանոցնիս պարպվեր է, պարապ ձգելու չգար, որովհետև ծախք կըլլա հոն ամեն օր, աշխատելու է ժամ առաջ լեցնել։

Հիվանդանոցնիս երկու դուռ ունի. մեկեն հիվանդները կը մտնեն, մեկալեն մեռելները կելնեն․ կերևի, որ մտած դռնեն դուրս ելնողը խստիվ կը պատժե հոգաբարձությունը, որովհետև մարտ ամսո մեջ մտնողներուն ամենն ալ մյուս դռնեն ելեր են։ Ասանկ երթա նե՝ ի՞նչպես պիտի կրնանք մարդ հասցնել չգիտեմ։

Օրագիր մեռելներուն թիվը, որ է 25, չափազանց չցցունելու համար կըսե, թե՝ ինչ կըլլա եղեր, մյուս տարիներ ալ մարտ ամսո մեջ այն չափ մեռել ելած է հիվանդանոցեն։

Անանկ է յա՛, որովհետև նախորդ տարիները այնչափ մեռել ելած է, պետք է որ ամեն տարի այնչափ մեռել ելնե․ թե որ չելնե նե՝ բռնի մեռցնելու է, որ հիվանդանոցնուս սա կանոնը չավրվի։

Մարտ ամսո մեջ հիվանդանոց գտցող հիվանդներուն աչքը լույս։